«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է առաջարկի նախընտրական եւ կառավարության ծրագրերի իրականացման այլ ճանապարհային քարտեզ»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|
11:49 - 04 դեկտեմբերի, 2023

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է առաջարկի նախընտրական եւ կառավարության ծրագրերի իրականացման այլ ճանապարհային քարտեզ»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։

Հիշեցնենք, որ «Հայաքվեն» Ազգային ժողով է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Նշված արարքները սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։ Նախագծի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրել «Հայաստան» խմբակցությունը։

«Հայտարարության նախագծի անհրաժեշտությունը բխում է երկու կարեւոր հանգամանքից։ Առաջինն այն, որ առաջին անգամ մենք հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50 հազար ստորագրություն, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ 58 հազար քաղաքացիներ միացել են այս նախաձեռնությանը, եւ ինքը համարվելով որպես իրավական, ժողովրդավարական պետության կարեւոր ինստիտուտ, երբ քաղաքացիներն իրենք են մասնակցում օրինաստեղծ աշխատանքին, սա առաջին հաջողված դեպքն է։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ հատկապես այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում։ Այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչում եւ դրա դեմ ուղղված որեւէ գործողություն դատապարտելի ու քրեորեն պատժելի համարելը եւ Հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում, նաեւ գործող կառավարության գործող ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանությունն անվերապահորեն ստանձնած պարտավորություն է։

«Հետեւաբար, այս նախաձեռնության նպատակներից է նաեւ հետեւողական լինել նախընտրական խոստումներին։ «ԱԺ կողմից նման հայտարարության ընդունումը չափազանց կարեւորվում է նաեւ միջազգային հարթակում Արցախյան հարցի հետեւողականության ցուցաբերման առումով։ Եթե քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրում, հայտարարելով այս ամենի մասին, իրականում չեն իրականացնում դա, ստացվում է, որ ուղղակի խաբել են հանրությանը։ Միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ քաղաքական ուժերը ժողովրդի առաջ խոստանում են մի բան, ստանում են մանդատ, իրականացնում են հակառակը։ Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշմամբ է հնարավորություն տալու այս հայտարարությունն ընդունել կամ մերժել, պետք է առաջարկի նախընտրական ծրագրի եւ կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների իրականացման այլ ճանապարհային քարտեզ։ Եթե դա էլ չի անում, վերջին լուծումը մնում է հրաժարական եւ հեռացում»,- ասաց Մինասյանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել