Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին
 |1lurer.am|
15:50 - 06 դեկտեմբերի, 2023

Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։

«Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ դա համարում են քաղաքական ճնշում, իսկ մի շարք ներկայացուցիչներ չեն համարում: Եվ երկրորդ փաստը, որ ապացուցում է, որ դա ամբողջ երկրի, առավել ևս՝ երկրի ողջ քաղաքական ինստիտուտի կարծիքը չէ, այն է, որ օրեր առաջ Հայաստանի և Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսության շրջանակում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումներ հենց Վերին Լարսի բազմակողմ անցակետով բեռների փոխադրման հետ կապված հայ գործընկերների մոտ առաջացած հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայկական գյուղմթերքի արտահանման մասին»,- ասել է Զախարովան, հավելել՝ քննարկումներն անցել են առարկայական և կառուցողական մթնոլորտում:

Նա նշել է, որ նման խնդրահարույց իրավիճակների լուծման համար կան հստակ մեխանիզմներ, որոնք հենց հիմա ևս գործարկվում են:

Հիշեցնենք, որ հայկական կողմի բեռնատարները օրեր շարունակ Վերին Լարսի մաքսային անցակետում էին։ Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական մթերքների մատակարարումների ժամանակ հաճախակի խախտումների կապակցությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն նոյեմբերի 24-26-ը հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի` Ռուսաստան ներկրման 36 դեպք։

ՀՀ ՍԱՏՄ-ից մտահոգիչ էին համարել այն, որ 2023 թ․ ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ 

Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացավ օպերատիվ խորհրդակցություն, որի արդյունքում Վերին Լարսի մաքսային անցակետը բացվեց բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել