armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվային չեն կարող չանհանգստացնել խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի լուրերի ֆոնին հաճախակիացած Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերը։
Զախարովան նաև նշել է, որ այդ համատեքստում Մոսկվան հանդես է գալիս Երևանի ու Բաքվի կողմից անհապաղ եռակողմ պայմանավորվածություններն իրագործելու կոչով։
«Մենք հետևողականորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խույս տալ էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից, ծագող բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է ռուս պաշտոնյան:
Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ հնարավոր աջակցության մասին հարցին՝ Մարիա Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ուժի մեջ են, բայց ՀՀ կողմից դրա սառեցումը չի նպաստում անվտանգության ամրացմանը։
Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան ողջունում է առաջընթացը, որ արձանագրվել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հետ կապված:
«Խաղաղության օրակարգում կան մի շարք կարևոր գլոբալ հարցեր, որոնք լուծման են սպասում, դա ճանապարհային, տնտեսական կապերի ապաշրջափակումն է տարածաշրջանում, դելիմիտացիան և հումանիտար բլոկը։ Հաստատում ենք նաև մեր պատրաստակամությունը բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու մեր գործընկերներին»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է մեկնել տարածաշրջան` համապատասխան կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով։
comment.count (0)