ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում |armenpress.am|
15:08 - 09 ապրիլի, 2025

ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հետևում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և կողմերին զսպվածության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է անում։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և ընդգծել, որ հաստատում են Բաքվին ու Երևանին ուղղված կոչը` զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ, խուսափել ցանկացած գործողությունից, որ կտանի իրավիճակի սրման։ 

«Բոլոր ծագող հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական ճանապարհով։ Մեր հերթին պատրաստ ենք ջանքեր գործադրել` գործընկերներին օգնելու հաղթահարել ծագած տարաձայնությունները խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ինչպես նաև տրանսպորտային, տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»,- ասել է Մարիա Զախարովան։

Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի բոլոր մեղադրանքները։ Ադրբեջանը նման գործելաոճ է որդեգրել այն բանից հետո, երբ կողմերը հայտարարեցին միմյանց միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Հայաստանը դրանից անմիջապես հետո Ադրբեջանին առաջարկեց քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամկետների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման համար նոր նախապայմաններ է առաջ քաշում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել