Երբ մամուլում տարածվել է այդ տեղեկատվությունը, ես անմիջապես դիմել եմ իրավապահ մարմիններին՝ շեշտադրումը կատարելով մարդու իրավունքների վերաբերելի հարցերի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ ըստ իրավապաշտպան կառույցների, Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին, ապա տեղափոխել Ռուսաստան:
«Այս պահին ես դեռեւս չեմ ստացել խնդրին վերաբերող ամբողջական տեղեկատվություն: Օրինակ, արդյոք անձը տեղափոխվել է Ռուսաստան, ինչ գործընթացի շրջանակներում է դա տեղի ունեցել: Բայց եթե մարդու իրավունքներին վերաբերելի խնդիր արձանագրվի, կոնկրետ կոնտեքստում, կմիջամտենք վստահաբար»:
ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ ինքը դիմել է թե ՀՀ գլխավոր դատախազություն, թե ԱԱԾ, սակայն դեռ չի ստացել գրավոր տեղեկատվություն։
Նշենք նաև, որ ըստ «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագծի՝ Դմիտրի Սեդրակովը իր կամքին հակառակ հայտնվել է Ռուսաստանում։
«Հիմա նրա հետ կապ չկա, բայց Գյումրիում ձերբակալության օրը նրան հնարավորություն են տվել կապվել կնոջ հետ։ Կինը խոսել էր ամուսնու հետ և այդ մասին տեղեկացրել մեզ։ Սեդրակովը պատմել էր, որ իրեն ձերբակալել են ու պահում են ռուսական 102-րդ ռազմաբազայում», - ասել էր նախագծի ներկայացուցիչ Դարյա Բերգը։
comment.count (0)