factor.am: Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյի հանդիպումը։
ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագաները քննարկել են Լուկաշենկոյի Ադրբեջան կատարելիք այցը։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական ոլորտներում համատեղ նախագծեր։
Ալիևը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը։
Նշվում է, որ նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը նախագահները նշել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը և համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժը։
Նրանք վստահություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակել հետագա շփումների և համագործակցության հեռանկարների շուրջ։
comment.count (0)