armenpress.am: Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերականգնումը։
Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման և Բեռլինում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցությունների համատեքստում արդյոք կարո՞ղ են արձանագրել, որ Ադրբեջանը վերադառնում է բանակցությունների արևմտյան հարթակին և այս դեպքում Գերմանիան հանդիսանում է որպես միջնորդ, եթե ոչ, ապա կարո՞ղ են արձանագրել, որ Հայաստանն է համաձայն երկկողմ բանակցությունների, իսկ Գերմանիան այս դեպքում ոչ թե միջնորդ է, այլ հարթակ այդ բանակցությունների համար։
«Պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը։ Սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։ Հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նշան է»,- պատասխանեց Վարդանյանը։
Ճշգրտող հարցին՝ ամեն դեպքում, ո՞ր ձևաչափն են ավելի ճիշտ համարում, պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ով ասաց, որ արդյունավետ են համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։
«Այս իմաստով Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները և, բնականաբար, ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են։ Մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները և ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումները, որոնք տանում են դեպի խաղաղության մեր տարածաշրջանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Փետրվարի 19-ին Մյունխենում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել բանակցությունները և առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով։ Մարտի 28-ին և 29-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, բանակցությունները հյուրընկալել էր Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։
comment.count (0)