factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Վերջինը Բոնոյին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքի մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային խաղաղության գործընթացի տարբեր ասպեկտներ։ Բայրամովն ասել է, որ երկու երկրների պաշտոնյաների միջև շփումների ակտիվացումը դրական է ազդել հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա, նաև խոսել այդ ուղղությամբ փոխայցելությունների կարևորության մասին։ Նա նաև մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, կարգավորման և խաղաղության գործընթացի ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգի վերջին զարգացումների մասին։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը ևս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության և վստահության ամրապնդման գործում իրական ներդրում ունենալու առումով։
Նա ընդգծել է, որ 2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կառուցողական ոգով անցկացված բանակցությունները վկայում են երկկողմ խաղաղության գործընթացի արդյունավետության մասին։
Բոնոն, իր հերթին, ասել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները հույս են ներշնչում խաղաղարար գործունեության ապագայի համար, և այս ուղղությամբ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել և նպաստել բանակցային գործընթացին։
comment.count (0)