Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ. Ալիևի նամակը Զելենսկուն |1lurer.am|
13:30 - 24 օգոստոսի, 2024

Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ. Ալիևի նամակը Զելենսկուն |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նամակում ասվում է, որ Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ, որոնք հարուստ ավանդույթներ ունեն։

«Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Մտադիր ենք հետագայում ևս գործադրել բոլոր ջանքերը Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է Ալիևի նամակում։

Նա վստահություն է հայտնել, որ կողմերը հաջողությամբ կշարունակեն համատեղ ջանքերը՝ ուղղված «ադրբեջանա-ուկրաինական բարեկամության և հուսալի գործընկերության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը»:

Ավելի վաղ Ալիևը Բաքվում ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն ու Մոսկվան գործում են որպես դաշնակիցներ և բարեկամներ:

«Այսօր ընդունված փաստաթղթերը, ներառյալ՝ նախագահների համատեղ հայտարարությունը, ևս մեկ անգամ հաստատում են մեր հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը: 2022 թվականի փետրվարին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթները հաջողությամբ իրականացվում են։ Մեր երկրները գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ, մերձավոր գործընկերներ ու հարևաններ»,- ընդգծել էր Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել