«Զանգել, ասել են՝ ձեր զինվորներից ոչ մեկը չկա»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկաների հարցաքննությունն ավարտական փուլում է
19:27 - 21 հոկտեմբերի, 2024

«Զանգել, ասել են՝ ձեր զինվորներից ոչ մեկը չկա»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկաների հարցաքննությունն ավարտական փուլում է

«Ես իմ աշխատանքի բերումով 5-րդ անգամ էի պատերազմի մասնակցում»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր ցուցմունք տալիս ասաց 62-ամյա Ավո Զաքարյանը՝ նկատի ունենալով Աֆղանստանի, Չեչնիայի, Արցախյան առաջին, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմները։

Զաքարյանը, որ արդեն 30 տարի է՝ «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» ՍՊԸ–ի վարորդն է, դատակոչվել էր՝ հարցաքննվելու 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձոր գյուղի տարածքում ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով։ Երկուսուկես տարվա մեջ 4 անգամ դատարանի փոփոխություն կրած այս գործով վկաների հարցաքննությունը ավարտին է մոտենում։

Զինծառայողները, որ ԱԹՍ–ի ձայնը լսելով պատսպարվել էին, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հրամանով ստիպված են եղել վերադառնալ իրենց «Ուրալ» եւ շարունակել երթը։ Վերջինս այժմ մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ զոհվել է 18, վիրավորվել 3 անձ, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի գույքային վնաս։

 Անդրանիկ Վերանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ներկայանալով դատարանին՝ Ավո Զաքարյանը պատմեց, որ կողմերից ոչ մեկին չի ճանաչում, դեպքի մասին մանրամասներ չգիտի, նույնիսկ առաջին անգամ քննիչից է իմացել։

Վկա Ավո Զաքարյանը, դատավոր Սուրեն Խաչատրյանը

Զաքարյանը, տարիքով պայմանավորված, զորակոչի ենթակա չի եղել, բայց կամավոր մեկնել է, քանի որ իրեն կանչել են՝ իր աշխատանքային մեքենայում՝ չինական ինքնաթափում արկեր եւ ականներ բարձելու եւ Արցախ տեղափոխելու․ «Գիշերվա ժամը 2–ին հասանք Ջաբրայիլի շրջանի Արծվաշեն գյուղ, տեղավորվեցինք մի քանդած շենքում․ էդ տարածքը անգիր հիշում եմ, որովհետեւ հենց լույսը բացվում էր, ավտոյից հեռու էի գնում, կրակոցները անընդհատ լսվում էին․․․ Ասացին՝ առավոտ լույսը բացվի՝ ճղներով փակի ավտոն, դե, կարմիր գույն էր, որ չերեւա։ 4-5 օր կրակոցներ եղել են, բայց անօդաչու չի աշխատել, որովհետեւ ամպամած եղանակ էր, անձրեւն անընդհատ մաղում էր»։

Մի քանի օր անց, ըստ Զաքարյանի, իրեն զանգահարել է ԻՍՎ հրամանատար Տարոն Նիկողոսյանը (զոհվել է,–հեղ․)։ Նա այն անձն է, որին Վերանյանը հրամայել է շարունակել երթը․ «Քանի որ կապերը անընդհատ գնում–գալիս էին, ինձ հաղորդագրություն եկավ՝ բաժանորդը զանգահարել է ձեզ, մինչեւ հիմա պահել եմ դա, ռազմականին էլ ցույց եմ տվել․․․ Տարոնն ասում ա՝ շեֆ (ինձնից տարիքով փոքր էր, երեւի դրա համար էր այդպես դիմում), ավտոն խոդ տուր, որ ասեմ՝ ուր բարձրանաս (պետք է զինամթերքը հասցներ,–հեղ․)․․․ Ու էդ ամբողջ օրը ԱԹՍ–ն ֆռում էր, ձայնը գալիս էր։ 2 հատը Արաքսի ուղղությամբ եկան, մենք էդ 2-ին տեսանք, իսկ 1-ը ձախ կողմով էր գալիս։ Էդ երկուսին 10-15 վայրկյան հետո խփեցին, մեկը ասավ՝ մերոնք, մեկը ասավ՝ պարսիկները, որովհետեւ անցել էր Արաքսը, իսկ էն երրորդը ահագին պտտվեց, ուժեղանում–թուլանում էր, մոմենտի տակ ուղղությունը կորցնում էլ էի, ու որ ընկավ, զինվորները բա՝ «ուռա–ուռա, դռուժբին խփան» (այդպես էին անվանում, քանի որ էլեկտրական սղոցի ձայնի էր նման,–հեղ․), մտածեցինք՝ մերոնք են, էն էլ պարզվում ա․․․ Ավտոն խոդ էի տվել, զանգում էի Տարոնին, արդեն անհասանելի էր, ուզում էի ինքնագլուխ շենքից դուրս գալ, բարձրանալ, Հայկ անունով մի մայոր ասավ՝ Ավո՛, մի՛ բարձրացի, զանգել են, ասել՝ վատ դեպք է պատահել՝ ԱԹՍ–ն մտել է սապյորների «Ուրալի» մեջ, ձեր զինվորներից ոչ մեկը չկա, բոլորը զոհվել են»,– պատմեց վկան՝ նշելով, որ դրանից հետո 4-5 օր դիակներ է տեղափոխել, ընդհանուր 17 օր մնալուց հետո վերադարձել է զորամաս։ Անդրանիկ Վերանյանը ճշգրտեց՝ իրենք այնտեղ են գտնվել ոչ թե 17 օր, այլ ավելի քիչ՝ հոկտեմբերի 3-12 ընկած ժամանակահատվածում։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը

– Տարոն Նիկողոսյանից ստացված հաղորդագրությունը դատարանում հետազոտել ենք, այն ստացվել է 16։04-ին։ Այսինքն՝ դրանից հետո՞ եք Տարոնի հետ խոսել, եւ դրանից հետո՞ է Տարոնը Ձեր առաջ խնդիր դրել,– հարցրեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։

– Այո, ասավ՝ կասեմ՝ ուր գաս, որ մենք զինվորներով էդքան տեղ չիջնենք։

– Կարող ենք փաստել, որ մեր դեպքը եղել է 16։04-ից ինչքա՞ն ժամանակ հետո։

– Չեմ կարող ասել, էնքան խառը իրավիճակ էր։

– Տեղանքը Ձեզ ծանո՞թ էր։

– Չէ։

– Իշխանաձորի խաչմերուկը ծանո՞թ էր։

– Չէ, ես Արծվաշենից վերեւ չեմ բարձրացել․․․ 4 օր մարդ չի եղել, մեն–մենակ էդ անծանոթ տեղում․․․ Հետո կամաց–կամաց մեր ավտոներից էլ եկան տարբեր ուղղություններով․․․

Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկայից հետաքրքրվեց՝ առաջին անգամ ե՞րբ է ԱԹՍ–ի հանդիպել, ձայն լսել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ այդ օրը․

– Եթե առաջին անգամ այդ օրն եք հանդիպել, ինչի՞ց եք իմացել, որ հենց ԱԹՍ է,– հարցրեց պաշտպանը։

– Բա բոլոր զինվորները գոռում էին, ասում էին՝ «դռուժբան» եկավ։

– Մինչեւ Տարոնի հետ խոսելը ԱԹՍ–ի ձայն լսե՞լ եք։

– Այո։

– Եվ պնդո՞ւմ եք, որ ահագին տեւեց։

– Շատ ա ֆռացել՝ մոտ կես ժամից ավելի, էն երկուսը խփելուց հետո մի կես ժամից ավելի պտտվել է։

– Իսկ ե՞րբ եք իրադարձություններն ավելի լավ հիշում՝ հիմա՞ թե՞ 2021 թ․ մարտին ցուցմունք տալիս։

– Ռազմականը որ եկել է, ես նույն բաները պատմել եմ, տարբերություն չկա, իմ հիշողությունը շատ լավ է,– պատասխանեց վկան։

Պաշտպան Նարեկ Գրիգորյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ էական հակասություններ կան։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։

Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը

Նախաքննության ժամանակ վկան ասել էր հետեւյալը․ «Տարոնի հետ խոսելուց 1–1․5 ժամ հետո սկսեց լսվել թշնամու ԱԹՍ–ի ձայնը։ Դրանցից մեկը ձախ կողմից՝ Ջաբրայիլից էր գալիս, մյուս երկուսը՝ Արաքսի ուղղությամբ։ Խառը դռռոց էր լսվում։ Արաքսի կողմինները լսվելուց 15 րոպե հետո խոցվեցին, ես տեսա ոչնչացման ծուխը, բայց չգիտեմ՝ մերոնք խփեցին թե պարսիկները։ Դրանից քիչ անց՝ երեւի 10 րոպե էլ չէր անցել, ձախ թեւից՝ Ջաբրայիլի կողմից, բավականին սուր ձայն լսվեց, որը ԱԹՍ–ի ձայն էր, եւ դրան հաջորդող վայրկյաններին պայթյունի ձայն լսվեց։ Կարծեցինք՝ դրան էլ մերոնք խոցեցին, սակայն մի ժամ հետո իմացա, որ դա մխրճվել է մեր ԻՍՎ  «Ուրալ»–ի մեջ, որի հետեւանքով 10–ից ավելի զինծառայող զոհվել է, մնացել եմ առանց անմիջական հրամանատարության․․․»։

Ցուցմունքի ամբողջական հրապարակումից հետո պաշտպանը հարցեր հղեց վկային․

– Նախաքննության ժամանակ ասել եք՝ վերջին հեռախոսազանգն ունենալուց 1․1-5 ժամ անց լսվել է ԱԹՍ–ի ձայնը, իսկ այսօր ասում եք՝ մինչեւ հեռախոսազրույցը արդեն լսվում էր։ Հիմա ո՞րն է իրականությունը։

– էնպես հարցեր եք տալիս․․․ Ես ընկնեմ, վայրկայններով պատասխանե՞մ։ Եթե Դուք իմ տեղը էնտեղ լինեիք, կարողա ոչ ամբողջ արարողությունը հիշեիք, ոչ․․․ Էնքան խառն է եղել, կարողա մի 15-20 րոպեի–կես ժամի տարբերությամբ պատասխանեմ, ես չեմ նայել ժամին, մոտավոր եմ ասում, կարողա 15 ա տեւել, կարողա կես ժամ։

– Ես Ձեզանից տեւողություն չեմ ուզում, Էդ անտեր ԱԹՍ–ի ձայնը Տարոնի հետ խոսելուց առաջ կա՞ր թե՞ ոչ։

– Ես մանրամասն պատմել եմ, գրված ա, իմ գրվածին ատվեչայ եմ, ժամերը չեմ հիշում, ժամացույց չեմ վերցրել, որ ասեմ․․․ Կարողա եւ առաջ, կարողա եւ հետո, չեմ հիշում,– ճշգրտել չկարողացավ վկան։

Հաջորդ հակասությունը, ըստ պաշտպանի, վերաբերում էր ԱԹՍ–ի ձայնի տեւողությանը․

– Նախաքննության ժամանակ ասել եք՝ 2 ԱԹՍ–ների խոցվելուց քիչ անց՝ 10 րոպե էլ չէր անցել, ձախ՝ դեպի Ջաբրայիլի կողմից բավականին բարձր սուր ձայն լսվեց, ու դրան հաջորդող վայրկյաններին պայթյուն լսվեց․․․ Այսօր ասացիք՝ ԱԹՍ–ի ձայնը կես ժամ տեւել է։ Ոնց հիմա եք ասում, այդպե՞ս է, թե՞ միանգամից սուր ձայն է լսվել, եւ պայթել։

– Չէ, ահագին երկար ֆռացել է․ թե 15 րոպե է տեւել, թե կես ժամ, ես չեմ կարող ասել։

– Ամեն դեպքում ձայնը լսելն ու պայթյունը [մեկ չեն եղել],– ճշգրտեց դատավորը։ 

– Չէ, ահագին երկար տեւել է, որովհետեւ բոլոր զինվորները փախան կոռոլյոկի դաշտը, նույնն էլ՝ ես, –պնդեց վկան։

Դատակոչի ցուցակում ներառված վերջին վկան՝ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Արտյոմ Պողոսյանը, ըստ ՆԳՆ ոստիկանությունից ստացված տվյալների, երկրում չէ։ Դատավարության մասնակիցների հետ քննարկելով՝ նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը որոշեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել նրա գտնվելու վայրը ճշգրտելու եւ իրավական փոխօգնության հիման վրա օտարերկրյա պետությունում նրա հարցաքննությունը կազմակերպելու նպատակով։ Դրա անհնարինության պարագայում դատարանը կհրապարակի վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը։

 

Գլխավոր լուսանկարում՝ զոհված զինծառայողների հայրերը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել