Միրզոյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ապագայում կխուսափի միակողմանի մեկնաբանություններից
13:59 - 21 հունվարի, 2025

Միրզոյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ապագայում կխուսափի միակողմանի մեկնաբանություններից

Ես հուսով եմ, որ իմ այցը արդիական է մեր երկկողմ հարաբերությունների դինամիկայի առումով: 

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: Մինչ այս Մոսկվայում տեղի է ունեցել նաև երկու նախարարների առանձնազրույցը:

«Ես հիշում եմ, որ մենք վերջին անգամ այս ձևաչափով հանդիպել ենք 2023թ. հուլիսին: Կարծում եմ՝ այս այցը լավ հնարավորություն է  երկկողմ համագործակցությունը քննարկելու համար, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգային արդի հարցերի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար: Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը»,- ասել է Միրզոյանը:

Ապա Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։ 

«Մենք հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը կշարունակի հաշվի առնել տվյալ պահին տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, տեսանք վերջերս, վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել