Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն |azatutyun.am|
09:31 - 14 փետրվարի, 2025

Միայն Ուկրաինայի նախագահը կարող է խաղաղության մասին պայմանավորվել իր երկրի համար. Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցություններ վարել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Financial Times-ի հետ զրույցում նա նախազգուշացրել է, որ այն «խաղաղությունը, որը կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», ներառյալ ԱՄՆ-ը:

«Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրաստ է անկեղծորեն, կայուն և վստահության արժանի կերպով համաձայնել այդ հիմքի վրա հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը:

Միացյալ Նահանգների նախագահը իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում ընթացող պատերազմին:

Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինան իր տեղը կունենա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների սեղանի շուրջ:

Մակրոնը Financial Times-ին ասել է, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան» բանակցությունների միջոցով լուծելու համար, որտեղ «յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա»՝ հավելելով, որ այժմ Զելենսկին պետք է քննարկի տարածքային և ինքնիշխանության հարցերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել