Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է. Նիկոլա Ազնավուր |factor.am|
09:30 - 05 մարտի, 2025

Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է. Նիկոլա Ազնավուր |factor.am|

factor.am: «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլին։

«Այսօր ուզում եմ անդրադառնալ ծայրահեղ հրատապ մի խնդրի. Ռուբեն Վարդանյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային, 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում, օրեր առաջ հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար:

Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին` իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով և ավելի ուժեղ, միասնական ապագայի իր տեսլականով: Կրթական ու սոցիալական ծրագրերից մինչև համայնքների վերակառուցում և տնտեսական զարգացման խթանում՝ նրա ջանքերի արդյունքները տեսանելի են Հայաստանում և անդին: Այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման:

Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։ Պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք։ Նրա անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով:

Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տվեք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել:

Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը»,- գրել է Նիկոլա Ազնավուրը։

Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել