ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «շատ մոտ են համաձայնության հասնելուն»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը։
Թրամփը բանակցությունների օրը բնութագրել է որպես «լավ օր», իսկ Կրեմլը հանդիպումը որակել է որպես «կառուցողական»՝ նշելով, որ Ուկրաինան բանակցություններին ներկա չի եղել։
Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ «հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է», և կոչ էր արել Ռուսաստանին ու Ուկրաինային «շատ բարձր մակարդակով հանդիպել» և «ավարտին հասցնել համաձայնագիրը»։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուրբաթ երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի վրա «իրական ճնշում» է անհրաժեշտ, որպեսզի Մոսկվան համաձայնի առանց պայմանների հրադադարին։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ կաջակցի Ռուսաստանին՝ պահպանելու Ղրիմի թերակղզին, որը Մոսկվան ապօրինաբար բռնակցել էր 2014 թվականին։ Զելենսկին մերժում է այդ գաղափարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում։ Սա նրա չորրորդ այցն էր Ռուսաստան այս տարվա ընթացքում։
Երեքժամյա բանակցությունները Պուտինի օգնական Յուրի Ուշակովի կողմից բնութագրվել էին որպես «շատ օգտակար»։
Նրա խոսքով՝ «բանակցությունները մոտեցրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև մի շարք այլ միջազգային հարցերի շուրջ»։
Լուսանկարը՝ Ռեբեկա Նոուբլ/Getty Images։
comment.count (0)