Կորոնավիրուսի «ստեղծող»-ը չի ձերբակալվել․ "Armdaily" լրատվականի հրապարակումը ապատեղեկատվություն է
13:25 - 06 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի «ստեղծող»-ը չի ձերբակալվել․ "Armdaily" լրատվականի հրապարակումը ապատեղեկատվություն է

Այսօր "Armdaily" լրատվականը հրապարակել է «ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը» վերտառությամբ հոդված։ Հղում կատարելով WCVB ալիքին՝ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է Covid-19 վիրուսի ենթադրյալ ստեղծողը, որը Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության բաժնի պետ, դոկտոր Չարլզ Լիբերերին է, և որ նա այն վաճառել է Չինաստանին։ Նշվում է նաև, որ սկսվել է նոր կորոնավիրուսի ի հայտ գալու եւ տարածման գործով հետաքննությունը։ 

Նախ նշենք, որ հոդվածում տեղադրված տեսանյութի ընթացքում ընդհանրապես չի խոսվում կորոնավիրուսի մասին։

Չարլզ Լիբերին, ով Հարվարդի համալսարանի «Լիբեր» հետազոտական խմբի առաջատար հետաքննողն է եղել, ձերբակալվել է դեռևս 2020 թվականի հունվարին։ Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության՝ դոկտոր Լիբերը  մեղադրվում է կեղծ հայտարարություն անելու և Չինաստանի Ուհանի համալսարանի հետ համագործակցությունը ԱՄՆ իշխանություններից թաքցնելու համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա կորոնավիրուսի մասին, իսկ դոկտոր Լիբերի կողմից կեղծ հայտարարություն անելը  վերաբերում է 2018 թվականի ապրիլին։

Դոկտոր Չարլզ Լիբերի՝ կորոնավիրուսի «ստեղծող» լինելու մասին կեղծ լուրերը Twitter-ում մի շարք օգտատերերի կողմից  տարածվել էին դեռևս 2020 թվականի փետրվարից։

Այսպիսով, "Armdaily" լրատվականի հրապարակումը կորոնավիրուսը ստեղծողի ձերբակալման մասին ապատեղեկատվություն է։ 

Հրապարակումից 2 ժամ անց "Armdaily"-ն հրապարակել է նաև վերոնշյալ հոդվածի հերքումը։

Ապատեղեկատվությունը՝ նույն բովանդակությամբ, շարունակվում է տարածվել նաև irakanum.am-ի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել