Կորոնավիրուսի դեմ առողջապահական միջոցառումներում ներգրավված Նարեկ Վանեսյանն անցնում է 1 քրեական գործով, որը դեռևս դատաքննության փուլում է
17:28 - 08 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի դեմ առողջապահական միջոցառումներում ներգրավված Նարեկ Վանեսյանն անցնում է 1 քրեական գործով, որը դեռևս դատաքննության փուլում է

Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկի առողջապահական կազմակերպիչն է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը։ Վերջինս այս օրերին ներգրավված է նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ կազմակերպվող առողջապահական միջոցառումներում։

Այսօր «Հրապարակ» թերթում հրապարակվել է հոդված, որտեղ նշվում է, որ Արսեն Թորոսյանի միջնորդությամբ Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը ժամանակին անցնում էր մի քանի քրեական գործերով, եւ որի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց էր կիրառվել, նշանակվել է Աղավնաձորի «կարանտինի տնօրենի» պաշտոնում։

Նախ նշենք, որ Նարեկ Վանեսյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ազատվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը խոչընդոտելու համար։

2019 թվականի ապրիլի 2-ին Վանեսյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել էր, որ 2019 թվականի հունվարի 16֊ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարության հիման վրա Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ-ում (Նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով հարուցված քրեական գործը այդ տարվա մարտի 29-ին կարճվել է։ Միաժամանակ հավելել էր, որ ինքն այդ գործով չի անցնում և ՀՀ քննչական կոմիտեի կողմից նույնիսկ չի հրավիրվել որևէ քննարկման կամ հարցաքննման մասնակցելու։

Սակայն 2019 թվականի մարտին Նարեկ Վանեսյանի նկատմամբ հարուցվել էր այլ քրեական գործ, որով  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ․ մայիսի 29-ից մինչև 2015թ․ հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Իջևան Բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությումբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանին որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ Ալլա Ասիրյանինց հափշտակել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Datalex.am համակարգից տեղեկանում ենք, որ այժմ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում։ Վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 17-ին, իսկ հաջորդը տեղի է ունենալու սույն թվականի մայիսի 5-ին։

Այսպիսով, ՄԻՊ-ի հաղորդագրության հիման վրա դեռևս նախորդ տարվան հարուցված և կարճված քրեական գործով Նարեկ Վանեսյանը ներգավված չի եղել։ Նրա ներգրավվածությամբ այս պահին կա միայն մեկ քրեական գործ, որը դատաքննության փուլում է և մեղադրական վճիռ դեռևս չի կայացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել