Նոյեմբերյանցիներին փորձում են հանել իրենց կողմից օգտագործվող ավանդական արոտավայրերից․ 2010 թվականին կատարված վարչատարածքային բաժանմամբ դրանք տրվել են այլ համայնքների
18:14 - 04 հունիսի, 2020

Նոյեմբերյանցիներին փորձում են հանել իրենց կողմից օգտագործվող ավանդական արոտավայրերից․ 2010 թվականին կատարված վարչատարածքային բաժանմամբ դրանք տրվել են այլ համայնքների

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր․

«Սիրելի նոյեմբերյանցիներ, հաշվի առնելով բոլորիս համար գերկարևոր մեր սարերի հետագա ճակատագիրն այլ սուբյեկտների ի պահ հանձնելու տարածված լուրերը, կարիք առաջացավ պարզաբանում ստանալու պահանջով դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Պապիկյանին: Խոսքը Մեղվասարի (Չիբլլու) շուրջ բարձրացված աղմուկի մասին է:

Մենք ոչ ոքի թույլ չենք տա խլել մեզանից մեր երազանքների և մանկության դրախտավայրերը, թող որևէ մեկի մտքով անգամ չանցնի»: 

Պատգամավորը գրառմանը կից ներկայացրել էր նաև իր կողմից ՏԿԵ նախարարություն ուղարկված հարցումը։

Infocom.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը ներկայացրեց Նոյեմբերյան համայնքի հանդամասի վերաբերյալ առաջացած աղմուկի պատճառները։

- Պարոն Ալեքսանյան, կխնդրեմ մանրամասն ներկայացնել, թե ինչ խնդիր է առաջացել Մեղվասարի հետ կապված, ի՞նչ ահազանգեր եք ստացել։

-Մի քանի օր առաջ Նոյեմբերյան համայնքի բնակիչներ, ովքեր յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում հեռավոր արոտավայր են տեղափոխում իրենց անասուններին, կապ հաստատեցին ինձ հետ և իրենց մտահոգությունները հայտնեցին, առ այն, որ իրենց մշտական իջևանման վայրում՝ նոյեմբերյանցիների լեզվով ասած՝ ուրթում,  կատարվում են ցանկապատման աշխատանքներ և հորդորում են ապամոնտաժել կացարանները, նույն բարբառով ասած՝ դագաները: 

-Տեղյա՞կ եք, թե ինչ գործընթացներ են ընթանում հանդամասում, ովքե՞ր են այդ գործընթացի հետևում կանգնած։

- Երբ հարցրեցի՝ ովքե՞ր են, ի՞նչ հիմքով են նման պահանջ ներկայացրել, ասացին, որ իրենց տեղեկություններով այդ տարածքները, որը 800 հեկտարից ավելի է, վարձակալությամբ տրվել է «Հիմնատավուշ» հիմնադրամին, և այդ հիմքով էլ իրենց փաստի առաջ են կանգնեցրել՝ հանիրավի զրկելով իրենց բազմամյա զբաղմունքից:

Ես այսօր հեռախոսազրույց ունեցա մարզպետարանի համապատասխան վարչության պետի հետ՝ ավելի ստույգ տեղեկություն ստանալու նպատակով, և փաստորեն ունենք հետևյալ իրողությունը, ու թող իր գնահատականը տա մեր հասարակությունը:

Այսպես, 2010 թվականին կառավարությունը Ազգային Ժողովի դատին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ըստ որի, մասնավորապես Նոյեմբերյանի մասով, առաջարկվում էր պետական նշանակության հողատարածքները հանձնել համայնքներին, նաև միջհամայնքային վերաբաշխումներ կատարել, այսինքն՝ պարզ ձևակերպմամբ՝ հաստատել միջհամայնքային և միջմարզային սահմանները:

Այդ նախագծով այն տարածքները, որոնք հեռու անցյալից մինչ այսօր Նոյեմբերյանի ազգաբնակչության կյանքի և գործունեության մի անբաժան մասն են կազմում, որտեղ պահպանվում են մեր անցավորների գերեզմանները, կան անվանական աղբյուրներ, բոլորիս մանկության քաղցր հուշերն են այդ վայրերում, և վերջապես՝ այդ վայրերը ընտանիքներին ապահովում են անասնապահությամբ զբաղվելու որոշակի եկամուտով, անարդարացիորեն տրվել են Իջևանի և Դիլիջանի համայնքներին:

Իսկ այսօր, իրավունքի ուժով, այդ սարերի հետագա ճակատագիրը տնօրինում են այդ համայնքները և նրանց համար դրանք լոկ արոտավայրեր են, որ կարող են շահույթ ստանալ՝ վարձակալությամբ տրամադրելով, ավելին, այդ համայնքների բնակիչը չգիտի յուրաքանչյուր կածանի պատմությունը, աղբյուրների արթնացնող հուշերը, պարզապես հոգով կապված չէ:

Թե կոնկրետ ով կամ ովքեր են թերացել կամ չարամիտ և կռվախնձորի տեղիք տվող որոշում կայացրել, որի պտուղները հիմա քաղում ենք, կպարզենք առաջիկայում: Քաջածանոթ լինելով այս տարածաշրջանի բնակչութան յուրահատկություններին և այդ սարերի նշանակությանը, ի դեպ՝ ես ինքս իմ մանկության մի մեծ մասն անց եմ կացրել այդ սարերում, համոզված եմ, որ սարերին հարազատ կապերով կապված մարդը չի նահանջելու, այդ վայրերը նրանց կենսակերպի, էության և սիրո մի մասնիկն են և հետևաբար նահանջի տեղ էլ չկա:

-Հայտնել էիք, որ դիմել եք ՏԿԵ նախարարություն, որևէ արձագանք ստացե՞լ եք։

-Այո, այս խնդրի պարզաբանման նպատակով պաշտոնական գրությամբ դիմել եմ պարոն Պապիկյանին, դեռևս պատասխան չեմ ստացել, բայց ժամանակ դեռ կա համակողմանի և լիարժեք պատասխանի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել