Պետք է վերադառնանք հազարամյակներով ձևավորված շրջանային բաժանմանը․ Վարուժան Ավետիսյան
21:46 - 20 հուլիսի, 2020

Պետք է վերադառնանք հազարամյակներով ձևավորված շրջանային բաժանմանը․ Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։

- Պարո՛ն Ավետիսյան, 2015 թվականին Հայաստանում մեկնարկել են վարչատարածքային բարեփոխումներ։ Համայնքների խոշորացման գործընթացը շուտով կավարտվի։ Ո՞րն է «Սասնա ծռերի» գնահատականը խոշորացման գործընթացին։

- Մենք տարբերվող տեսակետ ունենք վարչատարածքային բաժանման վերաբերյալ։ Մեր կարծիքով՝ պետք է բնական, հազարամյակներով ձեւավորված շրջանային բաժանմանը կամ գավառների բաժանմանը վերադառնանք։ Ներկայիս ավագ սերունդը կհիշի խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանումը՝ վարչական շրջանները։ 

Բնականաբար, դա պետք է տեղի ունենա տեղական ինքնակառավարման տրամաբանությամբ, այսինքն՝ շրջանային համայնքներ պետք է լինեն, եւ հասկանալի է, որ տեղական ընտրություների միջոցով պետք է ձեւավորվեն դրանց կառավարման մարմինները։ Մարզային բաժանումը պահպանելով հանդերձ՝ մարզերը որոշակիորեն պետք է խոշորացվեն եւ առավելապես համակարգման տրամաբանությամբ գործեն։ Այն, ինչ այսօր ունենք, նկատի ունեմ մարզպետարանը՝ իր համապատասխան ճյուղային վարչություններով, տաբեր մարզային կառույցներով, անտեղի է․ ընդամենը փոքր աշխատակազմ պետք է լինի համակարգելու համար։ 

- Մոտավորապես քանի՞ մարզ պետք է լինի Հայաստանում։

- Մոտ վեց՝ Երևանը չհաշված։ Այս խոշորացմումը հենց այդ նախկին վարչատարածքային բաժանման շատ վատ կրկնօրինակումն է։ Փաստորեն, հասկացել են, որ կառավարման տեսակետից որոշակի խոշորացում անհրաժեշտ է, բայց ունքը սարքելու փոխարեն աչքն էլ են հանում։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ընդհանրապես Հայաստանի համայնքների, համայնքային կյանքի, ինքնավարության քայքայման, զրոյացման գործընթաց է։ 

- Երբ խոշորացումը չէր մեկնարկել, Ձեր նշած շրջանային սցենարն էր առաջարկվում եւ փնջային սցենարը։ Կառավարությունը նշում է, որ բոլոր դեպքերում պետք չէ խոշորացնել շրջանային սցենարով, որովհետեւ գուցե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր դեպքերում է նպաստավոր շրջանային տարբերակով խոշորացումը։

- Հայաստանում Երրորդ հանրապետության պատմության ընթացքում որևէ հարցի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն չի կատարվել, այս հարցի վերաբերյալ՝ առավել ևս։ 

Մենք, կրկնում եմ, երբ ասում ենք, որ շրջանային բաժանումը պետք է վերականգնվի, շատ բան ենք հաշվի առնում։ Նախ, ակնհայտ է, որ այն երկար ժամանակ արդարացրել է իրեն, որոշակի ենթամշակութային ամբողջություններ են ձևավորվել, որոնք մինչև հիմա էլ կան։ Այդ տարածքային բաժանմամբ նաև հաշվի է առնվել ռելիեֆային, աշխարհագրական գործոնը, որը փնջային մոտեցմամբ աղավաղված է։ Բացի դրանից՝ նաև ձևավորված ենթակառուցվածքներ կան, որոնք նույնպես, փաստորեն, անտեսվում են։ Մի բան էլ նկատի ունենանք․ մինչ օրս այդ տարածքներում գործում են վարչական իշխանության մարմիններ՝ ոստիկանության, հարկային և այլ ծառայությունների մարմիններ։ Եթե արդյունավետ չէ, ինչո՞ւ են պահպանել։ Պահպանվել են, որովհետեւ գործնականորեն ակնհայտ է, որ դա է ամենաօպտիմալ տարբերակը։

Ես չեմ կարող կարող ավելի մանրամասն եզրակացությունների հանգել, թե հատկապես ինչ պատճառով են ընտրել այս անհեթեթ փնջային տարբերակը, բայց, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն դրդապատճառ կա։ Միևնույն ժամանակ, եթե խոսում ենք շրջանների վերականգնման մասին, ապա մարզերն արդեն ներկայիս կառավարման համակարգը պետք է չունենան։

- Կառավարությունն ասում է՝ ժամանակի ընթացքում, երբ խոշորացումն ավարտվի, մարզպետարանների որոշ լիազորություններ կփոխանցվեն ՏԻՄ-երին։

- Եթե այս մեթոդով արվի, ուղղակի անկառավարելի վիճակ կառաջանա։ Որևէ տրամաբանական, լուրջ հիմնավորում չկա դրա համար։ 

Խոսենք նաև գյուղական համայնքների մասին։ Ըստ էության, հիմա գյուղական համայնքներ չկան, մեկ «բնակավայր, մեկ համայնք» սկզբունքը չի գործում։ Իհարկե, չենք բացառում, որ կարող են բնակավայրերը շատ փոքր լինել և, միևնույն ժամանակ, աշխարհագրորեն իրար շատ մոտ, և ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ լինի մեկ-երկու համայնք միացնել և մեկ համայնք դարձնել։ Բայց պետք է գործի «մեկ բնակավայր, մեկ համայնք» սկզբունքը, որովհետև այդպես է գյուղական համայնքը կայանում։ Մենք իրավունք չունենք մեխանիկական, պարզունակ մոտեցում ցուցաբերել կյանքին, ինչպես որ քիչ առաջ մեր քննարկած դեպքում էր, և գյուղական համայնքների հետ կապված գծային մոտեցում չենք կարող որդեգրել։ 

Գաղտնիք չէ, որ մեր հատկապես փոքր գյուղերում գերիշխում է տոհմակլանային վերաբերմունքը համայքնի կառավարման հարցերին, և տասնամյակներ շարունակ այդ փոքր գյուղերում, որտեղ ուժեղ են  ազգակից բարեկամների միջև սոցիալական կապերը, ընտրություն, ըստ էության, տեղի չի ունենում․ ընտրություն տեղի է ունենում ամենամեծ տոհմակլանային շրջանակում նախապես որոշված թեկնածուին արձանագրելու տարբերակով։ Ում տոհմը մեծ է, նա էլ դառնում է համայնքապետ։ 

- Համայնքները շրջանային տարբերակով խոշորացնելու դեպքում այդպիսի ընտրությունների վտանգն ինչքանո՞վ է վերանում։ Այդ դեպքում էլ ամենամեծ բնակավայրի ամենաշատ տոհմակիցներ ունեցող մարդը կընտրվի։

- Ո՛չ, այդպիսի բան չկա, որովհետև չկա որևէ տոհմ, որևէ շրջանակ, որը կարողանա այդպիսի ազդեզություն ունենալ։ Շրջանները վերականգնվելու դեպքում շրջանային համայնքում կունենանք մի քանի տասնյակ հազար բնակիչ, և դա շատ մեծ թիվ է, որպեսզի որևէ շրջանակ ազգակցական կամ այլ կապերով կարողանա եղանակ ստեղծել։ Հենց նաև այդ նպատակով ենք ասում, որ շրջանները վերականգնվեն, որովհետև դա ուղղակի օբյեկտիվորեն անհնար կդարձնի ադ գործոնի ազդեցությունը։ Եվ սա նաև շատ լավ պրակտիկա կդառնա այդ բացասական գործոնը հաղթահարելու համար։ 

Մինչև որոշակի ցանկալի մշակութային մակարդակի հասնելը տեղական ինքնակառավարման համակարգում պետք է առանձին ռազմավարություն մշակվի և իրականացվի, որը պետք է նաև քաղաքական, սոցիալական մշակույթի բաղադրիչ ունենա։ Պարզունակ կացնային մեթոդով կցել-բաժանելով որևէ խորքային խնդիր չի կարող լուծվել։ Այդ պատճառով սկզբնական շրջանում փոքր գյուղական բնակավայրերում պետք է ընտրությունների միջոցով չձևավորվեն համայնքների կառավարման մարմինները (խոսքն այն փոքր բնակավայրերի մասին է, որտեղ մեր քննարկած հանգամանքը վճռորոշ ազդեցություն ունի)։ Ընտրություն գոյություն չունի այնտեղ, չխաբենք մեզ, այդ պատճառով ճիշտ կլինի հաշվարկել և գտնել բնակչության այն օպտիմալ թիվը, որի պայմաններում հնարավոր է ընտրություն կազմակերպել։ 10 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրում դա արդեն հնարավոր է։ Միգուցե ավելի փոքր բնակավայրերում էլ է հնարավոր։ Պետք է բնակչության նվազագույն քանակը գտնել, որպեսզի հնարավորինս շատ բնակավայրեր ներառվեն ընտրությունների միջոցով համայնքային կառավարման մարմիններ ձևավորելու ընթացքի մեջ։ 

Իսկ մնացյալի նկատմամբ հատուկ ռազմավարություն պետք է մշակվի և իրականացվի՝ իր սոցիալ-մշակութային բաղադրիչով, որպեսզի մենք կարողանանք համայնքները կայացնել։ Անշուշտ, որոշակի փուլից ընտրությունը արդեն ևս դառնում է համայնքը կայացնելու գործոն, բայց դա ինչ-որ փուլից պետք է կիրառվի, հակառակ պարագայում մենք ամրացնելու ենք տոհմակլանային մոտեցման բացասական երևույթը և դրական արդյունք ակնկալելով՝ ստանալու ենք բացասական արդյունք։ 

- Վերադառնալով շրջանային և փնջային սցենարներին․ բոլոր համայնքները շրջանային սցենարով խոշորացնելու դեպքում խնդիրներներ չե՞ն առաջանա ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների համար։ Մենք արդեն ունեցել ենք դեպքեր, երբ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները չեն ցանկացել մեծ փնջի մեջ լինել և միասին առանձին փունջ են ձևավորել։

- Դա համակարգային մոտեցում չէ, մասնակին ընդհանուրին անտրամաբանական ձևով հակադրելու մանիպուլյատիվ մոտեցում է։ Նախ, եթե շրջանների ձևաչափով ստեղծվում է տեղական ինքնակառավարման համակարգ, ազգային փոքրամասնություններով ենթաշրջաններին կարող ենք առանձին արտոնյալ կարգավիճակ տալ և այդ հարցը լուծել։ Ամողջական համակարգի մեջ բոլոր հարցերը հնարավոր է լուծել։

- Ի՞նչ ասել է արտոնյալ կարգավիճակ տալ․ օրինակ, նրանք կարողանան իրենց համար ՏԻ՞Մ ընտրել։

- Իհա՛րկե, մենք պարտավոր ենք մեր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, որոնք մեր իրավահավասար և լիարժեք հայրենակիցներն են, առավելագույն հնարավորություններ տալ իրենց ինքնությունը և ամբողջականությունը պահպանելու համար։ 

- Որքանո՞վ նպատակահարմար կլինի մեծ ՏԻՄ-ում մեկ այլ փոքր ՏԻՄ ունենալ։

- Շատ պարզ։ Այնուամենայնիվ, դա ՀՀ տարածքում է և վարչատարածքային բաժանում է, այլ ոչ ազգային սկզբունքով բաժանում։ Ազգային ինքնավարությունների խնդիր չէ։ Խոսքը սոցիալ-մշակութային ինքնության պահպանմանն է վերաբերում։ 

Հիմա խոսենք մարզային կառավարման համակարգից․ ենթադրենք, մեկը Վարդենիսի ծայրամասային գյուղից կարիք ունի մարզային մակարդակով ինչ-որ հարց լուծելու։ Տրանսպորտ էլ չկա, և հիմա այդ մարդը պետք է, գումար ու ժամանակ ծախսելով, երկու-երեք տեղով կանգառ կատարելով, գա, հասնի Գավառ, որը նաև մայրուղուց կտրված մի քաղաք է, և մարզպետարանում փորձի ինչ-որ հարց լուծել։ Եթե այդ օրը չստացվի, այդ մարդը պետք է հետ գնա, հետո էլի գա։

Բայց եթե, օրինակ, Վարդենիսի շրջանը կա, և Վարդենիս շրջկենտրոնում տրանսպորտային ենթակառուցվածքները գործում են (կամ եթե չեն գործում ապա կարող են գործել, որովհետև հիմքը կա), ապա մարդը շատ հանգիստ կարող է գալ, իր պահանջները ներկայացնել։ Փորձված, արդյունավետ կերպով իրեն դրսևորած համակարգ է։ 

Անշուշտ, խորհրդային շրջանում մի արատավոր երևույթի ականատես եղանք վերջին հատվածում, երբ տարբեր իրար կից վարչական շրջաններից տարածքներ էին անջատում և նոր շրջաններ էին սեղծում բյուրոկրատական ապարատը մեծացնելու, իրենց ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելու և այլնի համար։ Երբ խոսում ենք շրջանները վերականգնելու մասին, պետք է, հստակ աշխարհագրական եւ ենթակառուցվածքային, նաև Ձեր նշած ազգային փոքրամասնությունների և էլի որոշ այդպիսի ենթագործոնների հանգամանքները նկատի առնելով, որոշակի ճշգրտումներով վերականգնել, ուղիղ չպատճենել այն, ինչ Հայկական ԽՍՀ-ի գոյության վերջին տարիներին կար և հետո միավորվելով վերածվեց մարզերի։ 

Նաև սկզբում խոսեցինք այն մասին, որ մարզերը պետք է խոշորացվեն։ Սա էլ նկատի ունենալով՝ պետք է գտնել օպտիմալ սկզբունքները և ըստ այդմ՝ կատարել վարչատարածքային բաժանում։ Մենք պետք է նաև նկատի ունենանք, որ մարզերն, ի վերջո, պաշտպանական տարածքներ են և պետք է նաև համադրվեն պաշտպանական համակարգի հետ։ Ցավոք սրտի, այս հարցում էլ համակարգային մոտեցում չկա։ Այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնվի, որովհետև մոբիլիզացիայի պարագայում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները որոշակի կոնկրետ խնդիրներ պետք է լուծեն և պետք է իրենց գործողությունները համադրեն պաշտպանական համակարգի գործողությունների հետ։ 

- Խոշորացված համայնքներում այսուհետ համամասնական ընտրակարգ է լինելու։ Ձեր խոսքի սկզբում նշեցիք համայնքներում տոհմակլանային ընտրությունների մասին։ Համամասնական ընտրակարգն ինչ-որ ձևով կնվազեցնի՞ ընտրություններն այդպես անցկացնելու հնարավորությունը։

- Դարձյալ պետք է նախ համակարգային մոտեցման մասին խոսենք։ Հայաստանի Հանրապետությունը կայացած չէ որպես պետություն, այլ կիսագաղութային համակարգ է, այդ պատճառով Հայաստանում չկան նաև կայացած կուսակցություններ։ Պետությունը նախկինում զավթած կուսակցություն անվամբ բանդաները  ունեն տարածքային ենթակառուցվածքներ, որոնք ջախջախված չեն, պատասխանատվության ենթարկվելու, արգելվելու փոխարեն շարունակում են գործել, և այս վիճակում, բնականաբար, որևէ արդյունքի մենք չենք կարող հասնել։ 

Քննարկում կա մեր քաղաքական ուժի շրջանակում այս հարցի վերաբերյալ, բայց դեռ վերջնական որոշման չենք հանգել, ես իմ մասնավոր կարծիքն ասեմ․ համայնքային ընտրությունները կուսակցությունների մասնակցությամբ անցկացնելը սխալ է, որովհետև էապես սահմանափակում են համայնքային մակարդակում քաղաքացիական  ակտիվության հնարավորությունները։ Մարդիկ կարող են կուսակցական չլինել, բայց հայտ ներկայացնել համայնքի կառավարմանը մասնակցելու և համայնքի ղեկավար դառնալու համար․ ինչո՞ւ պետք է միայն կուսակցություններին այդ հնարավորությունը վերապահվի։ Եթե մենք մարզային կամ նահանգային մակարդակով  այդպիսի կառավարման մարմիններ ունենայինք, կարող էին և կուսակցական ընտրություններ լինել, բայց գյուղի և շրջանի մասշտաբով, իմ կարծիքով, սխալ է այդպիսի բան անելը։ 

Էլի կացնային պարզունակ մոտեցում է դրսևորվում՝ համադրելով մի քանի տասնյակ միլիոն բնակչություն և հսկայական տարածք ունեցող այլ երկրների հետ, որտեղ, բնականաբար, վարչատարածքային բաժանումը շատ ավելի խոշոր միավորներ է ներառում, և ըստ այդմ՝ այնտեղ կուսակցական մոտեցումը քննարկելու մեջ կա տրամաբանություն։ 

Դառնալով Երևանին․ եթե մյուս վարչական շրջանները վերականգնվում են, և այնտեղ տեղական ինքնակառավարման համակարգ է ներդրվում, պետք է Երևանի վարչական շրջաններում էլ տեղական ինքնակառավարում լինի, այիսնքն՝ Երևանում երկաստիճան համակարգ պետք է լինի։ 

- Մի տեղական ինքնակառավարման մարմին Երեւանի համար, և առանձին ՏԻՄ-եր՝ վարչական շրջանների՞։

- Այո՛, ինչո՞ւ ոչ։ Ինչքան ընտրություններ շատ լինեն, ինչքան հնարավորություն տանք մարդկանց ընտրություններին մասնակցելու, իրենց կամքն արտահայտելու, ուղիղ մասնակցայնություն, ներառականություն դրսևորելու, հետադարձ կապ ապահովելու, այնքան ժողովրդավարությունը կշահի։ 

- Ճի՞շտ հասկացա, որ մյուս շրջանների ներսում էլ պետք է ավելի փոքր ՏԻՄ-եր լինեն։

- Այո՛։ Օրինակ, պայմանական, 10 հազարից ավելի բնակիչներ ունեցող բնակավայրերը պետք է ունենան իրենց ՏԻՄ ընտրելու հնարավորություն, իսկ ապագայում, նշածս ռազմավարական ծրագրի շնորհիվ հասնելով հարաբերությունների ավելի իրավական եւ քաղաքացիական համակարգի ներդրմանըև տոհմակլանայինի համեմատությամբ, պետք է բոլոր բնակավայրերում ընտրովի մարմիններով կառավարում իրականացվի, և ի վերջո, պետք է այդ երկաստիճան համակարգը մինչև վերջին բնակավայրը տեղ հասնի։

- Եվ Հայաստանում վարչատարածքային բաժանումը լինի եռաստիճա՞ն՝ մարզեր, շրջաններ, բնակավայրեր։

- Այո՛, բայց մարզերը, կրկնում եմ, զուտ որպես վարչատնտեսական եւ պաշտպանական գոտիներ գործեն, ո՛չ այսօրվա տրամաբանությամբ, որ ունեն տարբեր ուղղություններով կառավարման մարմիններ, դպրոցների կամ հիվանդանոցների հետ են առնչվում, նշանակում են, ազատում են։

Եթե խոշոր քաղաքներ կան, դրանք պետք է իրենց կարգավիճակով հավասարեցվեն շրջաններին։ Մասնավորապես, Գյումրին և Վանաձորը չեն կարող որևէ շրջանի տարածքում լինել։ Բնակչության թվի չափաբաժիններով պետք է հաշվարկը կատարվի, եւ ըստ այդմ՝ կատեգորիզացիա սահմանվի և կյանքի կոչվի։

- Համայնքների խոշորացման պատճառներից մեկն էլ տնտեսական նպատակահարմարությունն է․ ինչքան մեծ են համայնքները, այնքան ավելի մրցունակ են, շատ են ֆինանսավորվում։ Ձեր առաջարկած վարչատարածքային բաժանման դեպքում, փաստորեն, բյուջեն ոչ թե հավաքվում է մի տեղում, այլ մասնատված է մնում, քանի որ եթե բնակավայրում կա ՏԻՄ, ուրեմն բնակավայրը բյուջե էլ ունի։ Սա տնտեսական առումով նպատակահարմա՞ր կլինի։ 

- Առաջնային պլանում պետք է լինեն ժողովրդավարության ներդրումը, ներառականության ապահովումը, քաղաքացիականության զարգացումը, արդիական սոցիալականացումը և այդ ամենի միջոցով արդյունավետ կառավարումը։  Արդյունավետ կառավարումն է, որ, ի վերջո, բերում է ավելի մեծ տնտեսական արդյունքների։ 

Եվս մեկ անգամ ստիպված եմ փաստել, որ նման մոտեցումը գաճաճամտության հետևանք է: Կներեք, գուցե խոսքս մի քիչ կոշտ է հնչում, բայց հոգնեցինք արդեն այդ վայ-մասնագետներից, որոնք իրենց քթից այնկողմ չեն տեսնում։ Եթե պետությունը ճիշտ է կազմակերպված նաև վարչատարածքային առումով և արդյունավետ է կառավարվում, քաղաքացին իր իրավունքի և իր գլխի տերն է, և համայնքները լավ կառավարման շնորհիվ ծաղկում են, երկիրը զարգանում, հզորանում է, տնտեսական օգուտներն էլ, բնականաբար, շատ ավելի մեծ են լինում։ 

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել