azatutyun.am: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն այսօր քննարկելու են Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցը:
Ընդդիմադիր գործչին թունավորել են մարտական նշանակության քիմիական նյութով, որի բաղադրիչներից մեկը «Նովիչոկն» է:
Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է օգոստոսի 20-ին օդանավում, նրան տեղափոխել են Օմսկի հիվանդանոց, որտեղից էլ երկու օր անց հատուկ օդանավով փոխադրել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց:
Գերմանացի մասնագետները հայտնել են, որ Նավալնիի արյան մեջ հայտնաբերել են «Նովիչոկին» նման նյութի հետքեր: Նավալնին գտնվում է արհեստական կոմայի մեջ: Բժիշկները դեռևս խուսափում են ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ թունավորումը Նավալնիի առողջության համար:
Արևմուտքը Ռուսաստանից պահանջում է անհապաղ անցկացնել հետաքննություն և պարզաբանումներ ներկայացնել ընդդիմադիր գործչին թունավորելու հանգամանքների վերաբերյալ:
Մոսկվան հերքում է թունավորման հետ առնչություն ունենալու մեղադրանքը և պնդում է, թե ըստ ռուսաստանցի բժիշկների, Նավալնիի օրգանիզմում քիմիական զենքի տարրեր չեն հայտնաբերվել:
Գերմանիան ակնկալում է, որ Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն համատեղ կարձագանքեն այդ դեպքին, որը կանցլեր Անգելա Մերկելը որակել է որպես «ընդդիմադիր գործչին միտումնավոր սպանելու փորձ»:
comment.count (0)