Հայաստանում կան համայնքներ, որտեղ աղբահանություն չի իրականացվում։ Այդպիսի համայնքներում բնակիչները սովորաբար աղբն առանձնացնում են․ սննդի մնացորդներն օգտագրծում են որպես անասնակեր, աղբի մնացած մասն այրում են։ Համայնքներ էլ կան, որտեղ աղբահանություն իրականացվում է, սակայն փողոցներում աղբամաններ տեղադրված չեն։ Կան այնպիսի համայնքներ, որտեղ աղբամաններ մի ժամանակ տեղադրված են եղել, բայց հետո հանվել են երկու հիմնական պատճառով․
Infocom-ը որոշել է ներկայացնել, թե Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի որ համայնքներն ունեն աղբավայրեր, որտեղ է իրականացվում աղբահանություն, որտեղ՝ ոչ։ Աղբահանության վերաբերյալ տվյալները ստացվել են համայնքապետարաններից։ Այն դեպքերում, երբ հնարավոր չի եղել համայնքապետարանների հետ կապ հաստատել (մեր հարցումներն անպատասխան են մնացել, զանգերին չեն պատասխանել, կամ պարզապես բացակայել են համայնքապետարանների կոնտակտային տվյալները), անհրաժեշտ տեղեկությունները ստացել ենք հենց բնակիչներից։
Վայոց ձոր
Այսպիսով, Վայոց ձորում կա 8 համայնք, որոնցից 6-ը խոշորացված են, 2-ը՝ ոչ։ Մարզի համայնքներից միայն Եղեգիսը և Մալիշկան չունեն աղբավայր, մնացած համայնքներում (խոշորացված համայնքների դեպքում՝ բնակավայրերից մեկում կամ մի քանիսում) կան աղբավայրեր կամ աղբը թափելու համար առանձնացված տարածքներ։ Աղբահանություն իրականացվում է Վայոց ձորի բոլոր համայնքներում։ Խոշորացված համայնքների դեպքում աղբահանությունն իրականացվում է բոլոր բնակավայրերում՝ բացի Արենի խոշորացված համայնքից, որտեղ 9 բնակավայրերից մեկում աղբահանություն չի իրականացվում։ Արենիի աղբավայրերը փաստաթղթավորված չեն, այժմ աշխատանքներ են տարվում համայնքում միասնական աղբավայր կառուցելու համար։
Աղբամաններ տեղադրված են մարզի բոլոր համայնքներում. տեղադրված չեն միայն Վայք խոշորացված համայքի 5 բնակավայրերից 1-ում և Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրերից 2-ում։
Քարտեզ 1-ում ներկայացված է, թե Վայոց ձորի որ համայնքներում կան աղբավայրեր, որտեղ են տեղադրված աղբամաններ, և որտեղ է իրականացվում աղբահանություն։ Քարտեզի վրա կամիրով ներկայացված են աղբավայրերը, կապույտով՝ աղբամանները, կանաչով՝ աղբահանությունը։ Եթե որևէ գույնով տեսնեք Χ նշանը, ուրեմն տվյալ համայնքում աղբավայր կամ աղբամաններ չկան, կամ էլ աղբահանություն չի իրականացվում։
Քարտեզ 1
Արագածոտն
Արագածոտնում կա 72 համայնք, որից 4-ը խոշորացված է։ Մեզ հաջողվել է ստանալ տվյալներ 59 համայնքի վերաբերյալ։
Այս 59 համայնքներից 18-ում կա աղբավայր կամ աղբը թափելու համար առանձնացված հողատարածք (խոշորացված համայնքների դեպքում՝ բնակավայրերից մեկում կամ մի քանիսում)։ Մնացած 41 համայնքում աղբավայր չկա։ 18 համայնքներից Աշնակի աղբավայրը վատ վիճակում է, ցանկապատ չունի։
59 համայնքներից 21-ում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։ Ընդ որում, այս 20 համայնքներից 2-ում՝ Սուսերում և Սորիկում, կա աղբավայր. Սուսերի դեպքում մարդիկ հիմնականում չեն օգտվում աղբավայրից, Սորիկի դեպքում բնակիչներն իրենք են աղբը տանում, թափում։ Իսկ Ակունքում, որտեղ ո՛չ աղբավայր կա, ո՛չ աղբահանություն է իրականացվում, մարդիկ անհրաժեշտության դեպքում աղբն իրենց միջոցներով տանում են Թալինի աղբավայր։ Շղարշիկում, որտեղ ո՛չ աղբավայր կա, ո՛չ աղբահանություն է իրականացվում, մարդիկ աղբը լցնում են գյուղի մոտակայքի ձորը, և ձորի մոտ ապրող բնակիչները բողոքում են այնտեղից եկող գարշահոտից։
Արագածոտնի խոշորացված համայնքներից Ապարանում աղբահանություն իրականացվում է 21 բնակավայրերից 20-ում, Արագածավանում՝ 4 բնակավայրերից 3-ում, իսկ Ծաղկահովիտում և Ալագյազում աղբահանություն իրականացվում է բոլոր բնակավայրերում։
Ալագյազում, որտեղ աղբը թափելու համար օգտագործվում են դեռ խորհրդային ժամանակներից եղած փոսերը, հողատարածք է հատկացված նոր աղբավայր կառուցելու համար, որը, համայնքապետի խոսքով, պատրաստ կլինի մինչև այս ամառ։
Արագածոտնի համայնքներից միայն 14-ում են տեղադրված աղբամաններ։ Խոշորացված համայնքներից միայն Ալագյազում աղբամաններ տեղադրված չեն։
Ապարան խոշորացված համայնքի 21 բնակավայրերից 6-ում են տեղադրված աղբամաններ, Ծաղկահովիտի 10 բնակավայրերից 3-ում են տեղադրված աղբամաններ, Արագածավանի՝ 4 բնակավայրերից 2-ում։
Քարտեզ 2-ում ներկայացված է, թե Արագածոտնի որ համայնքներում կան աղբավայրեր, որտեղ են տեղադրված աղբամաններ, և որտեղ է իրականացվում աղբահանություն։
Քարտեզ 2
Աննա Սահակյան
comment.count (0)