Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|
09:42 - 08 փետրվարի, 2021

Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության օրվա գալիք տոնի առթիվ՝ երկրի նախագահին ուղղված նամակում շեշտելով բարեփոխումների և Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը հղումով: 

«Ամերիկայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ին Պետականության օրվա առթիվ: Հաշվի առնելով մեր երկրների միջև 140-ամյա գործընկերությունը՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկարաժամկետ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության ու ժողովրդավարական արժեքների զարգացման հարցերում: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ եվրոպական ինտեգրման ասպարեզում Սերբիային աջակցելուն և կսատարենք Ձեզ այդ նպատակին հասնելու ընթացքում հետագա դժվարին քայլերում, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումների իրագործումն ու Կոսովոյի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը կենտրոնացած կլինի համատեղ ճանաչման վրա»,- նշված է Բայդենի նամակում:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հիշատակել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի և Բելգրադի դաշնակցության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում համագործակցության մասին՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական կապերի խորացումը:

Ի պատասխան Բայդենի նամակին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարությամբ է հանդես եկել Պանչևո քաղաքում ու նշել, որ «Կոսովոյի ճանաչման հարցում Բելգրադի դիրքորոշումը պարզ է, սակայն Բելգրադը պետք է հոգ տանի իր սեփական պետական շահերի մասին և չտրվի զգացմունքներին»:

«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչմանը, ապա դա չի նկատվում որևէ միջազգային կազմակերպության գործողություններում: Մենք հասկանում ենք, որ սա ամերիկյան նոր քաղաքականություն է», - ասել է Վուչիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել