Մեր շարժումը նորից սկսում է զանգվածային կիջոցառումներ, և ամսի 20-ին պետք է լինի մեծ հանրահավաք․ շարժման օրակարգը մնում է նույնը։ Այս մասին ասաց խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ելույթ ունենալով Երևանի Ազատության հրապարակում, որտեղ վերջինս հրավիրել է քաղաքացիներին, իր խոսքով, որոշ հարցեր քննարկելու։
«Բայց 2 օր առաջ տեղի ունեցավ մի դեպք, որը ստիպեց ինձ դիմել ժողովրդին և մինչ 20-ի հանրահավաքը հավաքել ձեզ, որ միասին խոսենք։ Պատահաբար պարզվեց, որ, բացի եռակողմ հայտարարությունից, կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց։ Նախորդ ամիսների ընթացքում մենք չէինք հասկանում՝ ինչ է կատարվում Սյունիքում, ինչու ենք կորցնում մեր սահմանները, մեր ճանապարհները։ Ոմանք ասում էին, որ իշխանությունը պարալիզացված է, չի կարողանում տիրապետել իրավիճակին։ Պարզվեց՝ ոչ, պարզվեց՝ կա ևս մի դավաճանական փաստաթուղթ։ Զարմանալին գիտե՞ք՝ որն է․ պատերազմը ավարտվեց ամսի 9-ի հայտարարությամբ, այիսնքն՝ եթե այնտեղ գրված էր՝ զորքերը կանգնած են մնում իրենց տեղերում, մեր զորքը Զանգելանից և Կուբաթլուից նահանջեց դեպի Սյունիքի սահմանները՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Պարզվեց՝ ինքը ունի մի գաղտնի փաստաթուղթ մեր ժողովրդից»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով Սյունիքի մարզի մի շարք շրջաններ լրագրողների մուտքը ազգային անվտանգության մարմինների հետ համաձայնեցնելու հետ կապված հայտարարությանը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ դա նշանակում է, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ տարան պարտության, նույնը կկատարվի Սյունիքում՝ մամուլը փակելով, ինչը նշանակում է, որ էլի կան պայմանավորվածություններ։
«Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ այս երկու փաստը ժողովրդին դուրս կբերի փողոց, և ժամանակ առաջ այդպես կլիներ։ Տարիներ առաջ այդպիսի փաստ լիներ՝ ժողովուրդը դուրս կգար փողոց։ Բայց մեր ժողովուրդը այնքան հարվածներ ստացավ այս տարվա ընթացքում, որ արդեն կամքը ջարդվել է, արդեն համակերխվում է ամեն ինչի հետ»,- ասաց նա՝ կոչ անելով զարթնել, քանի որ «հայրենիքը կործանում են մեր աչքի առջև»։
Նրա խոսքով՝ այսպիսի բան դեռևս հազարավոր տարիների մեջ չի ունեցել Հայաստանը, բայց այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարը առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևից ծախի պետությունը երբևէ չեն տեսել։
Անդրադառնալով Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի շուրջ տեղեկություններին՝ Մանուկյանն ասաց, որ Ադրբեջանն այնքան«վերխ» ունի մեզ վրա, որ ասում է, որ նրա արձանը պետք է հանի Հայաստանը։
«Նժդեհն այն մարդն էր, որ պահեց Սյունիքը, դա է պատճառը, որ ադրբեջանցիներն ուզում են նրա արձանը հանել, որովհետև Սյունիքը իրենք են ուզում վերցնել։ Սյունիքի պատերազմն է գնում, և ես չեմ զարմանա, որ այս իշխանությունները հանեն այդ արձանը»,- ընդգծեց Մանուկյանը։
Նշենք, որ Մարտունու քաղաքապետը հայտնել է, որ Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել և կանգնեցված է իր տեղում:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս պայմաններում ցանկացած պայմանագիր, որ ՀՀ-ն կկնքի, կործանարար է լինելու Հայաստանի համար։
«Մինչև հիմա ինչ պայմանագիր կնքել են, միշտ հանդես են եկել խեղճի վիճակից կամ դրսի թելադրանքով՝ կործանելով Հայաստանը»,- ասաց նա։
comment.count (0)