Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը |tert.am|
11:33 - 13 մարտի, 2021

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պետն ու ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են Դոնբասում առկա իրավիճակը |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, օդուժի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դոնբասում առկա իրավիճակը, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում տալով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության կողմից գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությանը:

Նշվում է, որ Խոմչակը Պիչին տեղեկացրել է «Միացյալ ուժեր»-ի գործունեության տարածքում առկա իրավիճակի մասին: Բացի այդ, զրույցի ընթացքում կողմերն ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հետագա զարգացմանը:

Գլխավոր շտաբի պետը նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային աջակցելու համար, և նշել, որ երկրի զինված ուժերի և դաշինքի միջև առկա երկխոսությունը պահպանում է իր դրական զարգացումը:

Մարտի 11-ին Ուկրաինայի Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոջեր Քլոթիի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Կիևն ակնկալում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները, ընդլայնվելու հնարավորություններ ունեցող գործընկերության շրջանակներում, պարտականություններ կստանձնեն դաշինքի շտաբներում, հրամանատարական կառույցներում և ստորաբաժանումներում:

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ պատվիրակության այցը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ընկալում է որպես ռազմավարական գործընկեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել