Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը
15:11 - 26 մարտի, 2021

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իմքայլական եռամյա քրոնիկոնը

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, ի թիվս այլնի բարեփոխումների, օրակարգ բերվեց նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտությունը։

Փողոցային պայքարից եւ նոր կառավարության ու խորհրդարանի ձեւավորումից անցել է մոտ 3 տարի, ոչ հեռու ապագայում նախատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները դեռ քննարկման փուլում են։ Փոփոխությունների նախագիծն այժմ Ազգային ժողովում է, սակայն բանը բուն քննարկմանը դեռեւս չի հասել։

Infocom-ը ներկայացնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների մեկնաբանություններով։

2018 թվականի ապրիլի 21․ Սերժ Սարգսյանի հրաժարականից՝ 2 եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց 17 օր առաջ Հանրապետության հրապարակում Փաշինյանը ներկայացրեց քայլերի հաջորդականություն, որտեղ ներառված էր նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:

«․․․Կետ առաջին․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ում ժողովուրդը կընտրի այս հրապարակում, երրրոդ՝ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններով ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ առաջիկայում կարող են տեղի ուենալ ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ․․․»։

Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց՝ ապրիլի 29-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, Փաշինյանը կրկին անդրադարձավ խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ ի պատասխան լրագրողի հարցի ասելով, որ «․․․մինչեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, եւ ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել այնպես, որ հապճեպ, ոտի վրա արված փոփոխություններ չլինեն․․․»։

Վարչապետ ընտրվելուց հետո՝ մայիսի 21-ին, Նիկոլ Փաշինյանը դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ մինչեւ հունիսի վերջն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնվազն նախագիծ կլինի։ 

2018 թվականի հունիսի 1-ին հրապարակվեց Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը, որտեղ եւս արձանագրված էր, որ իրենք կարեւորում են այնպիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու նպատակով, գործադիրի համոզմամբ, անհրաժեշտ էր իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: 

Հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վերահաստատեց ծրագրում արձանագրված իրենց նպատակները՝ շեշտելով, որ, իրենց կարծիքով, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։ Նա ընդգծեց, որ գործող կառավարությունն առաջիկա ժամանակը մտադիր է օգտագործել Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար, եւ այդ փոփոխությունները կլինեն ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ։

Փոփոխությունների շրջանակը քննարկելու համար 2018թ․-ի հունիսի 19-ին ստեղծվեց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հատուկ հանձնաժողով, իսկ աշնանը ԸՕ փոփոխությունների նախագիծը պատրաստ էր։ 

Հոկտեմբերին 2-ին՝ լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին զարգացումներից հետո 2018-ի դեկտեմբերին կանցկացվեն խորհրդարանական արահերթ ընտրություններ։

Հոկտեմբերի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում, այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց այն պնդմանը, թե իրենք այնքան էլ տրամարդված չեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու․

«Գործադիրը նպատակ ունի գնալ ընտրությունների ավելի լավ, ավելի առաջադիմական օրենսգրքով, ավելի առաջադիմական խաղի կանոններով։․․․ մեր անկեղծ ցանկությունն է, որ այս օրենսգիրքը, նաեւ գործընկերների առաջարկությունները հաշվի առնելով, կարողանանք կյանքի կոչել»։

Հոկտեմբերի 22-ին Հանրապետական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով սաբոտաժ որակեց նախագիծը չընդունելը։

ԱԺ դեռեւս «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին նույնպիսի որակում արեց լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն վատություն արեց քաղաքական դաշտին՝ չընդունելով նախագիծը։ Հաջորդ օրն Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ԸՕ-ն փոխվի։

Դեկտեմբերին նախանշվել էին արտահերթ ընտրություններ։ Դրա համար անհրաժեշտ էր, որ վեցերորդ գումարման խորհրդանը ցրվի, իսկ դրա համար պետք էր, որ ԱԺ-ն երկու անգամ չընտրի վարչապետ։ Խորհրդարանում հոկտեմբերի 24-ին վարչապետի առաջին ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դարձյալ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցին՝ խոսելով փաստաթղթի փոփոխության անհրաժեշտության մասին։ 

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։

Նույն օրը ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԸՕ-ի փոփոխությունների՝ երկրորդ անգամ տապալումից հետո անիմաստ է համարում նախագիծը դարձյալ օրակարգ բերելը՝ ընդգծելով, որ ռեյտինգային ընտրակարգն իրենց թիմի համար ընդունելի տարբերակ է, իրենք այդ ընտրակարգով էլ կարող են հաջողություն ունենալ, իսկ առաջարկվող փոփոխություններն ավելի ներկայացուցչական եւ քաղաքական ընտրություններ ունենալու համար էին։

2020-ի նոյեմբերի 20-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չի իրականացվել իրենց հայտարարած օրակարգի կարեւոր կետերից մեկը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, Փաշինյանը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, թե իրենց պարտավորությունը վերաբերել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն, եւ ոչ թե Օրենսգրքի որեւէ տարբերակով ընտրություններ կազմակերպելուն․ «Հանրապետության հրապարակում մենք չենք քննարկել՝ Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով դա պետք է տեղի ունենա, եւ եթե նույնիսկ քննարկած լինեինք, խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում պետք է որեւէ օրենք անցնի կամ չանցնի, եւ ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ, եւ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է թույլատրելիի սահմանում, որպեսզի այդ օրենսգիրքն ընդունվի․․․»։ (Հանրապետության հրապարակում ԸՕ փոփոխություններից հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը՝ տե՛ս առաջին ակտիվ հղմամբ

Ի վերջո 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով։

2019-ի մարտին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։ «Ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանափակումներ ու խոչընդոտներ՝ այդ թվում՝ սահմանադրական, այսինքն՝ կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել եւ իրականացնել»,- իր ելույթում ասաց Միրզոյանը։

2019 թվականի սեպտեմբերի 24-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԸՕ փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ 1-1,5 տարուց պատրաստ կլինի օրենսդրական բարեփոխումների փաթեթը։ 

2020-ի հունիսին Ընտրական օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ, 4000-ից ավելի բնակիչ ունեցող եւ բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունների ընտրակարգը դարձավ համամասնական։ 2020-ի դեկտեմբերին Կուսակցությունների մասին օրենքի հետ որոշ փոփոխություններ կատարվեցին նաեւ Ընտրական օրենսգրքում, սակայն դրանք չէին վերաբերում ռեյտինգային խնդրահարույց համակարգի վերացմանը, ընտրական շեմերին ու մնացյալ հիմնական հարցերին։

2020-ի սեպտեմբերին ընտրական բարեփոխումների թեման դարձյալ հանրային քննարկման օրակարգում էր։ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատանքներ էր կատարում նախագծի շուրջ, իսկ աշխատանքները համակարգում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ներքաղաքական իրավիճակն, ի վերջո, հանգեցրեց մի դրության, երբ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Ընտրությունների օր հաստատվեց այս տարվա հունիսի 20-ը։ 

2021 թվականի մարտի 19-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։

Օրեր անց՝ մարտի 22-ին, Արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ ԸՕ փոփոխությունները հնարավոր է ընդունել շատ արագ։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն դեռեւս քննարկման չի ներկայացվել։ Ու թեեւ դեռեւս համընդհանուր կոնսենսուս չկա փոփոխություններ անելու վերաբերյալ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չմեկնաբանեց լրագրողների այն հարցը, թե արդյոք «Իմ քայլը» միանձնյա կորոշի՞ ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այդուհանդերձ խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը:

Իսկ արդեն երեկ՝ մարտի 24-ին, խորհրդարանի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցազրույցում ընդգծեց՝ իրենք խմբակցությունում կայացրել են որոշում՝ առաջարկել խորհրդարանին՝ ընտրությունների գնալ համամասնական ընտրակարգով։ Նրա համոզմամբ՝ սա ամենակարեւոր հեղափոխական, նախընտրական խոստումն է, որ իրենք ստանձնել են․ «Ինչ վերաբերում է ԸՕ ամբողջական փոփոխություններին՝ չեմ կարող ասել՝ արդյոք կհասցնե՞նք մանրամասն, լիարժեք քննարկել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան փոփոխությունների հետեւանքով, բայց ընտրակարգի հետ կապված ունենք հստակ որոշում»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ դա էլ դեռ պետք է քննարկվի ու քվերարկվի Ազգային ժողովում։

Այսպիսով, մոտ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջնահերթ քայլերի մասին, որոնցում կիզակետային նշանակություն ուներ արտահերթ ընտրություններից առաջ ընտրական օրենսդրության փոփոխությունը։ Ինչո՞ւ, քանի որ տարիներ շարունակ տարբեր հարթակներից քաղհասարակության ներկայացուցիչներն ու նախկին ընդդիմադիրները հայտարարել են, որ գործող Ընտրական օրենսգիրքը լայն հնարավորություններ է տալիս ընտրակեղծիքների ու անարդարությունների համար։ 

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախանշվեցին արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու պատգամավորները սկսեցին ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագծի շուրջ աշխատանքները։ Նախագիծը ներկայացվեց, սակայն երկու անգամ տապալվեց խորհրդարանում, քանի որ այդ ժամանակ պառլամենտական մեծամասնությունը դեռեւս Հանրապետական կուսակցությունն էր։ Քննարկումների այդ ողջ ընթացքում Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչներն արդեն նախկին իշխանավորներին համոզում էին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձեռնտու են հենց նրանց եւ կարեւոր են ընդհանուր քաղաքական դաշտի առողջացման համար, այլ ոչ թե անձամբ իրենց, քանի որ, իրենց համոզմամբ, այդ պահին ունեցած լեգիտիմության ու հանրային վստահության պարագայում իրենք ցանկացած համակարգով կարող են գնալ ընտրությունների ու հաղթել։ Տարբեր առիթներով «Իմ քայլի» ներկայացուցիչները վստահեցրել են, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար նախ եւ առաջ պետք է քաղաքական կամք, ինչն, իրենց վստահեցմամբ, իրենք ունեն։ 

2018-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին Ընտրական հին օրենսգրքով, ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը, որտեղ մինչ օրս քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը։ Փոփոխությունների նախագիծը վերջապես ուղարկվել է խորհրդարան, սակայն դեռեւս չի դրվել քննարկման։ Մինչեւ հունիսյան ընտրությունները կփոխվի՞ օրենսգիրքը, թե ոչ՝ այս պահին հստակ չէ՝ չնայած «Իմ քայլն» ունի սահմանադրական մեծամասնություն եւ այդպիսով հնարավորություն՝ միայնակ անցկացնելու փոփոխությունները։

Արտախորհրդարանական մի շարք ուժեր եւս կարեւորում են բարեփոխված օրենսգրքով ընտրությունների անցկացումը, ոմանք նույնիսկ անընդունելի են համարում հակառակ պարագան՝ ի տարբերություն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի», որը 2018-ին աջակցում էր փոփոխությունների օրակարգին, իսկ այսօր կարծում է, որ խաղից առաջ դրա կանոնները փոխելը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, վերջինս չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, իրենք միեւնույն է՝ մասնակցելու են ընտրություններին՝ անկախ օրենսգրքի փոխվել-չփոխվելուց։ 

Այսուհանդերձ, ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը, ուստի «Իմ քայլը» որոշել է, որ կգնան ԸՕ-ի պարզ փոփոխությունների, եւ ընտրություններն կիրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։

Հայարփի Բաղդասարյան, Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել