Ինձ համար տարօրինակ է, որ անգամ խորհրդարանից դուրս գալիս են ստուգում պատգամավորներին։ Եվ անձնական իրերը նորից զննության ենթարկում այն դեպքում, որ եթե մտնելիս հասկանալի է՝ կա անվտանգային միջավայր ապահովելու խնդիր, դուրս գալիս միանգամայն անտրամաբանական է։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին՝ ԱԺ-ում անվտանգային հատուկ միջոցառումների վերաբերյալ։
Թովմասյանը նշեց, որ այս մասով ինքը լրացուցիչ քննարկում կծավալի արդեն ձևավորված հանձնաժողովի ֆորմատով։
ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էլ հարց ուղղեց Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ, որում նա նշել էր, որ եթե իշխանության գա, կլուծի գերիների խնդիրը։ Բաթոյանը հետաքրքրվեց, թե ովքեր են Վանեցյանի այդ ծանոթները և արդյո՞ք նա այժմ կարող է լուծել այդ խնդիրը։
Թովմասյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ Վանեցյանը ԱԱԾ երկարամյա սպա է, և նոր չէ կամ վերջին 3 տարիներին չէ, որ «հեղափոխոթյունից հետո միամիտ հայտնվել է ԱԱԾ-ում և նոր պետք է կապեր ստեղծեր»։
«Նաև իր մարդկային տեսակը ճանաչելով՝ ես վստահ եմ, որ նա իսկապես ունի շատ լավ մարդկային հարաբերություններ աշխարհիւ տարբեր երկրներում տարբեր մարդկանց հետո։ Պարոն Վանեցյանը հստակ ասել է՝ երբ ես լինեմ իշխանություն, իսկ նա այսօր ընդդիմադիր խմբակցության ղեկավար է, և բնականաբար խոսում ենք տարբեր կարգավիճակների մասին, և իշխանություն չունենալը բնականաբար արդեն ֆիքսված է, և հետևաբար նաև անկարելի է այս պահին այս կարգավիճակով լուծել այդ հարցը»,- նշեց նա։
comment.count (0)