Ավարտվեց Հայաստան - Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը՝ 1։4 հաշվով։
Հայաստանի հավաքականը ավարտեց Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները՝ 12 միավորով գրավելով խմբում 4-րդ տեղը։
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կայ Հավերցը 14-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Այնուհետև մրցավարը, VAR համակարգով վերանայելով Տարոն Ոսկանյանի մասնակցությամբ դրվագը մեր տուգանային հրապարակում, որոշեց նշանակել 11 մետրանոց հարված Հայաստանի դարպասին։ Այն հաջողությամբ իրացրեց Իլկայ Գյունդողանը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0։2 հաշվով։
Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 0։3։ Ապա խաղի կանոնները խախտվեցին մեր հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ, և նշանակվեց 11 մետրանոց հարված Գերմանիայի դարպասին։ Այն անվրեպ իրացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Արդեն 64-րդ րոպեին Յոնաս Հոֆֆմանը հաշիվը դարձրեց 1։4։
Նշենք, որ խմբում առաջատար է Գերմանիայի հավաքականը՝ 24 միավորով, երկրորդ տեղում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը՝ 15 միավորով, իսկ երրորդ տեղում Ռումինիայի հավաքականն է՝ 14 միավորով։
comment.count (0)