Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են
18:48 - 14 փետրվարի, 2022

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը Երեւանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում նախատեսում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, երեկ վաղ առավոտյան փորձել է կտրել կենտրոնի ճաղավանդակները՝ ներս անցնելու եւ որոշ աշխատանքներ իրականացնելու համար։ Սա առաջացրել է Ինստիտուտի աշխատակիցների բողոքը․ նրանց պնդմամբ՝ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը խոչընդոտելու է Ինստիտուտի բնականոն աշխատանքին․ Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում ջրավազանի փոխարեն բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը՝ շեշտելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն Ինստիտուտի մոտ գտնվող գույքը ձեռք է բերել 2019 թվականի մայիսին, նույն թվականի սեպտեմբերի 29-ին ՓԲԸ-ն կառուցապատման համար դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ հողատարածքում շինարարական թույլտվություն ստանալու համար։ Նախատեսում են խառը կառուցապատում իրականացնել՝ 50%-ը բիզնես կենտրոն, մյուս մասը՝ հյուրանոցային բնակելի համալիր։ 

Շինթույլտվություն Ընկերությունը դեռեւս չի ստացել, ինչպես Երեւանի քաղաքապետարանից հայտնել են Infocom-ին, բայց ստացել է նախագծման թույլտվություն․ ըստ ամենայնի հենց այդ հիմքով էլ երեկ նախաձեռնել են իրենց աշխատանքները։ 

«Ժամը 7-ին եկել են, պարիսպը, որը մեր գույքն է, փորձել են կտրել, մեր աշխատակիցները չեն թողել, հետո կարմիր բերետավորներ են եկել, իրենց օգնությամբ Ընկերությունը դոմիկ է տեղադրել, տեխնիկա են բերել տարածք»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը, որի խոսքով՝ իրենք Ընկերության կամ դրա սեփականտիրոջ հետ խնդիր եւ խոսելիք գործնականում չունեն, իրենց համակար այժմ շատ կարեւոր է կառավարության դիրքորոշումը․

«Այդ կառույցը վնասելու է մեր Ինստիտուտի ապագա գոյությունը։ Հիմա կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ էդ կառո՞ւյցն է պետք, թե՞ Ինստիտուտը։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց սա ապօրինությունների հետեւանք է։ Պետք է հաշվի առնել՝ սա ինչ հետեւանքներ է բերելու, վաղը-մյուս օրը շենքը կառուցվեց, բնակելի շենք է լինելու, բնակիչները բողոքեցին՝ հոտեր-բաներ․․․ Մեծ մասն անվտանգ է լինելու, բայց հոտեր լինելու են, կարո՞ղ ես բնակիչներին բացատրել, որ դա անվտանգ է, չես կարող։ Բողոքներ կլինեն, ինստիտուտը կփակեն»,- մտահոգություն ունի մեր զրուցակիցը։ 

Հակոբյանի համոզմամբ՝ ուժեղ գիտությունն առանց նման կենտրոնի անհնար է, քանի որ այն ոչ միայն գիտելիքի ու գիտության տեսանկյունից սեփական արտադրանքն ունի, այլ նաեւ դեղեր է արտադրում, որոնք ոչ միայն Հայաստանում են սպառվում, այլեւ արտերկրում․

«Մենք նաեւ հանդիսանում ենք որակյալ եւ մրցունակ կադրերի դարբնոց, մեզ մոտով անցած շատ մարդիկ հանրապետության տարբեր բուհերում ու գիտահետազոտական կենտրոններում են աշխատում՝ չհաշված մասնավոր ոլորտը։ Մեզ ոչ միայն պետությունն է գրանտային միջոցներ տրամադրում, այլ նաեւ համագործակցում ենք այլ երկրների հետ՝ Սաուդյան Արաբիա, Շվեյացարիա․ նրանց մեր կիրառական արդյունքը շատ է հետաքրքրում, ու մենք այդ ամենը տալիս ենք»,- նշում է Ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը։

Ինստիտուտի աշխատակիցները նամակներ են գրել պատկան մարմիններին ոչ միայն այսօր, այլ նաեւ դեռ անցյալ ամռանը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունների մասին ու ակնկալելով խնդրին արդարացի լուծում, սակայն էական պատասխաններ չեն ստացել։

Հիմնավորելով, թե ինչու են Գիտատեխնոլոգիական կենտրոնն ու բնակելի համալիրն ուղղակի անհամատեղելի՝ Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարեւանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Բացի դրանից՝ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են եւ ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլեւս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները եւ կենսաբանները եւս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված:

Ռոբերտ Հակոբյանը մեր զրույցում նկատեց՝ Ինստիտուտի աշխատանքները հիմա էլ խաթարվել են, եւ դա այն պարագայում, երբ Ընկերությունն ընդամենը հորատ անցում է անում․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փորեն, ինչ կլինի։ Էդ աղմուկն արդեն իսկ խանգարում է։ Գիտությունը մենակ ֆինանսը չի, մարդը չի, նաեւ տարածքն է, որովհետեւ մարդը տեղ պիտի ունենա աշխատելու, էդ ամենը մոռանում են՝ առանց հետոյի մասին մտածելու»։

Պատկան մարմիններին ուղղած իրենց գրություններում Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ դեռ 2007թ.-ին Ինստիտուտն ապօրինի կերպով զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից, սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով Ինստիտուտի անվտանգության մակարդակը․ «Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլեւ հանդիսանում է միկրոկլիմայի եւ միկրոէկոլոգիական համակարգի ամենակարեւոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները»,- գրել են աշխատակիցները։

Խնդրո առարկա այդ հողամասի օտարման օրինականությունը Հայաստանի իրավապահներն ուսումնասիրության առարկա դարձրել են. 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, եւ հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համաձայնության մասին որեւէ որոշում չի կայացվել:

Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ իրականացվել նախաքննություն:

Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: Բայց քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներ են կայացվել այդ գործով, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել: 

Երեւան քաղաքի դատախազությունը 2019 թվականին Երեւանի քաղաքապետին գրությամբ առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետեւանքները կիրառելու եւ գույքը Երեւան համայնքին վերադարձնելու ուղղությամբ, ինչն այս պահի դրությամբ փաստացի տեղի չի ունեցել։

Ինստիտուտի աշխատակիցներն ակնկալում են հանդիպումներ իրավասու մարմինների հետ։ Նրանք հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարելու են՝ հարցին լուծում տալու համար․ «Էն մարդը, որն այս տարածում շինթույլտվություն կտրամադրի, կարելի է ասել՝ անհայրենիք մարդ կլինի, որովհետեւ սա նաեւ Հայաստանի անվտանգության հարցն է»,- եզրափակեց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել