Մեկնարկում է CERAWeek ամենամյա խոշորագույն էներգետիկ համաժողովը՝ նավթի շուկայում տիրող իրարանցման ֆոնին
12:43 - 07 մարտի, 2022

Մեկնարկում է CERAWeek ամենամյա խոշորագույն էներգետիկ համաժողովը՝ նավթի շուկայում տիրող իրարանցման ֆոնին

Էներգետիկ ոլորտի առաջնորդների խոշորագույն CERAWeek միջազգային հանդիպումն այսօր մեկնարկում է ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ուկրաինական ճգնաժամի հետևանքով համաշխարհային տնտեսությունում նավթի գների առաջացրած շոկի ֆոնին, գրում է Reuters-ը։

Նավթի համաշխարհային գները հասել են իրենց բարձրակետին 2008թ.-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր, քանի որ Ռուսաստանից հում նավթի և վառելիքի արտահանման խափանումներն ու մատակարարման խնդիրներն առաջացրել են էներգակիրների գների կտրուկ աճ, որը դանդաղեցնում է տնտեսական աճը։

Հանգստյան օրերին լարվածությունը շարունակել է աճել, ԱՄՆ-ն և Եվրամիությունը դիտարկում էին Ռուսաստանից էներգակիրների գնման արգելքի սահմանման հնարավորությունը։ Գիշերը կատարված վաճառքների ընթացքում Brent ապրանքանիշի նավթը մի ակնթարթ հասել է մեկ բարելի դիմաց $139-ի, որը հեռու չէ դրա պատմական առավելագույն գնից՝ $147.50։

«Համաժողովն, անկասկած այլ տոնայնություն է ունենալու, քան կունենար մեկ կամ երկու շաբաթ առաջ»,- ասել է համաժողովի նախագահ Դենիել Յերգինը:

Այս տարի CERAWeek-ն ակնկալում է շուրջ 45 000 մասնակից, իսկ ծրագիրը, որը կազմվել է Մոսկվայի Ուկրաինա ներխուժումից առաջ, ներառում է զեկույցներ էներգետիկ անցման մասին։

Սակայն համաշխարհային շուկայում տեղի ունեցող ցնցումները փոփոխել են օրակարգը, որոշ մասնակիցներ չեղարկել են ելույթ ունենալու պլանները։

Միացյալ Նահանգներն ու մյուս երկրները ՕՊԵԿ+ նավթ արտահանող երկրների կազմակերպությանը կոչ են անում ավելացնել արդյունահանումը, սակայն նավթի արդյունահանմամբ զբաղվող երկրները չեն կարողանում ապահովել պլանավորված ծավալները, իսկ խոշոր պաշարներ ունեցող երկրներն, ինչպիսին է, օրինակ, Սաուդյան Արաբիան, խուսափում են օգտագոծել դրանք։ Սա հանգեցնում է մատակարարման ավելի մեծ պակասի։

Իսկ վերականգնվող էներգիայի ավելի լայն օգտագործման կողմնակիցներն ասում են, որ արդյունահանվող վառելիքի ոլորտում լրացուցիչ ներդրումներն էլ ավելի կմեծացնեն աշխարհի կախվածությունը գազից ու նավթից, մինչդեռ կլիման շարունակում է տաքանալ, իսկ Ռուսաստանի գործողություններն ավելի արդիական են դարձնում անցումն էկոլոգիապես մաքուր վառելիքի։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել