Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապացուցվել է Խարկովի կենսալաբորատորիայից չղջիկների էկտոմակաբույծների ավելի քան 140 կոնտեյների տեղափոխումն արտերկիր։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
«Ստացված նյութերի վերլուծությունը հաստատում է, որ Խարկովի կենսալաբորատորիայից արտերկիր է ուղարկվել չղջիկների էկտոմակաբույծների՝ լվի և տզի ավելի քան 140 կոնտեյներ», - ասել է Կիրիլովը՝ նշելով, որ Պենտագոնին հետաքրքրում են նաև վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների տարածիչները։
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ստացված փաստաթղթերից մեկը հաստատում է․ ուկրաինական «կենսալաբորատորիաներում մեծ վտանգ ներկայացնող բոլոր հետազոտություններն իրականացվել են ԱՄՆ մասնագետների գլխավորությամբ»։
Նրա խոսքով՝ այս մասին են վկայում UP-8 նախագծի վերլուծված նյութերը, որն «ուղղված է Ուկրաինայում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի և հանտավիրուսի ուսումնասիրմանը»։ «[Նյութերը] հերքում են ԱՄՆ հրապարակային այն պնդումը, թե Ուկրաինայում Պենտագոնի կենսալաբորատորիաներում աշխատում են բացառապես ուկրաինացի գիտնականներ՝ առանց ամերիկացի կենսաբանների միջամտության», - նշել է Կիրիլովը։
Նա հայտարաել է նաև, որ «չղջիկներից մարդուն փոխանցվող պաթոգենների վերլուծությունն իրականացվել է ԱՄՆ-ին ենթարկվող ուկրաինական լաբորատորիաների կողմից՝ վրացական լաբորատորիաների և ամերիկյան ինստիտուտի հետ համատեղ։
«[Ուկրաինայում կենսալաբորատորիաների] առաջնահերթությունների թվում նշված է բակտերիալ և վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք չղջիկներից կարող են փոխանցվել մարդուն, խոսքը ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, ինչպես նաև կորոնավիրուսների և ֆիլովիրուսների հարուցիչների մասին է։ <…> Նախագիծն իրականացվում է ոչ միայն ուկրաինական, այլև Պենտագոնի ենթակայության տակ գտնվող վրացական կենսալաբորատորիաների ներգրավմամբ՝ ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի և երկրաբանական ծառայության հետ համագործակցությամբ», - ասել է նա։
Կիրիլովը նշել է, որ հետազոտություններն անցկացվում են «Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ՝ սևծովյան շրջաններում և Կովկասում»։
Նորա Վանյան
comment.count (0)