Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը
22:21 - 14 մարտի, 2022

Փաշինյանը և Թրյուդոն կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը:

Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել