ՌԴ Առաջին ալիքի նախաձեռնությո՞ւն, թե՞ իրական բողոքի ակցիա․ Meduza-ի անդրադարձն Օվսյաննիկովայի արարքին
14:21 - 16 մարտի, 2022

ՌԴ Առաջին ալիքի նախաձեռնությո՞ւն, թե՞ իրական բողոքի ակցիա․ Meduza-ի անդրադարձն Օվսյաննիկովայի արարքին

Ռուսական Առաջին ալիքի «Վրեմյա» երեկոյան լուրերի գլխավոր թողարկման ուղիղ եթերում ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովան մարտի 14-ին ներխուժել է լուրերի ստուդիա և հակապատերազմական պաստառ պարզել հաղորդավար Եկատերինա Անդրեևայի մեջքի հետևում։ Օվսյաննիկովան ընդամենը մի քանի վայրկյան է անցկացրել եթերում, որից հետո հեռարձակումը ստուդիայից ընդհատվել է։ Օվսյաննիկովային ձերբակալել են և արդեն դատապարտել վարչական հոդվածով՝ պարտավորեցնելով պետությանը վճարել 30 հազար ռուբլի։ Այս քայլից հետո Օվսյաննիկովան հայտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, վարկածներ են հնչում նաև, որ նրա ակցիան իրականում Առաջին ալիքի նախաձեռնությունն է։ Ռուսական Meduza պարբերականը փորձել է պարզել, թե ով է Մարիա Օվսյաննիկովան, և ինչ է կատարվում ռուսական պետական հեռուստատեսությունում ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։

 

Ո՞վ է Մարինա Օվսյաննիկովան

Մարինա Օվսյաննիկովան ծնվել է ուկրաինական Օդեսա քաղաքում, նրա հայրն ուկրաինացի է, մայրը՝ ռուս։ Ավարտել է Կուբանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, այնուհետև Մոկվայի Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիան։

Առաջին ալիքին մոտ կանգնած աղբյուրը Meduza-ին ասել է, որ «Վրեմյա»-ում Օվսյաննիկովային աշխատանքի է տեղավորել նրա այն ժամանակվա ամուսին, RT մեդիացանցի ռեժիսոր Իգոր Օվսյաննիկովը 2000-ականներին, նրա մայրն այնտեղ աշխատում էր որպես ենթագրերի խմբագիր։

 

«Անվտանգության աշխատակիցը պատրաստ չէր նման իրադարձության»

Meduza-ի աղբյուրի փոխանցմամբ մարտի 14-ին իր հակապատերազմական ակցիայից հետո Օվսյաննիկովան հանգիստ լքել է ստուդիան։ Սակայն հետո «արագ արձագանքել է անվտանգության ծառայությունը, և նրան բռնել են, երբ նա արդեն ստուդիայից դուրս էր եկել»։

Առաջին ալիքը չի պատասխանել Meduza-ի հարցին, թե ինչ հիմքով է անվտանգության ծառայությունը ձերբակալել Օվսյաննիկովային եթերից հետո (թե որքան է դա տևել, հայտնի չէ)։

Օվսյաննիկովայի նախկին գործընկեր լրագրող Իգոր Ռիսկինը պատմել է, որ Մոսկվայի ժամանակով 23:07-ին Օվսյաննիկովան իրեն հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ «Օստանկինոյի» ոստիկանությունում է։ Դրանից հետո նրա հետ էլ կապի դուրս չի եկել։

Ռիսկինն Առաջին ալիքում աշխատել է 2002թ․-ից, սակայն աշխատանքից դուրս է եկել 2009-ին։ «Ինձ վրա սարսափելի ազդել էր 2008թ․-ի պատերազմը Վրաստանում և այն, թե ինչպես էին գործընկերներս լուսաբանում այն։ Եվ քանի որ ես նույնպես Առաջին ալիքում էի աշխատում, դրա համար պատասխանատվություն էի կրում, թեև ուղղակիորեն չէի մասնակցում այդ ամենին։ Ես աղմկահարույց ցույցեր չկազմակերպեցի, պարզապես հեռացա»,- ասում է Ռիսկինը։

Նրա կարծիքով սոցցանցերում տարածված այն պնդումները, թե իբր դա «հենց հեռուստաալիքի սարքած ակցիան է», իսկ Օվսյաննիկովան «երբեք չէր կարող անվտանգության աշխատակիցների կողքով աննկատ անցնել», անհիմն են։

«Այդպես խոսում են նրանք, ովքեր ոչ մի անգամ չեն եղել «Օստանկինո» հեռուստակենտրոնի նոր ստուդիայում [որտեղից այժմ եթեր է գնում «Վրեմյա» հաղորդումը]։ Դա նախկին համերգային ստուդիան է։ Խմբագիրների աշխատանքային սեղաններն ու համակարգիչները հենց ստուդիայում են՝ հաղորդավարի մեջքի հետևում»,- ասում է Ռիսկինը,- «Ինչ վերաբերում է անվտանգության ծառայությանը, ապա այն, իհարկե, կա, սակայն իմ աշխատելու տարիներին այն ստուդիայի մուտքի մոտ էր, այլ ոչ թե ներսում։ Խմբագիրներն աշխատում են հերթափոխով, անվտանգության աշխատակիցները նրանց դեմքով գիտեն։ Բոլորը միմյանց ճանաչում են, և քառածալ պաստառ բերելն ու այն հաղորդավարի մեջքի հետևում պարզելը տեխնիկապես բնավ դժվար չէ։ Կարծում եմ՝ ստուդիայում նրան չէին կարող ձերբակալել, իսկ վերահսկման բաժնից, որը ստուդիայի վերևի հարկում է, կարող էին զանգահարել անվտանգության աշխատակիցներին, որոնք էլ ձերբակալել են Մարինային ստուդիան լքելիս»։

Meduza-ի մյուս աղբյուրը հայտնել է, որ այդ ստուդիայի ներսում անվտանգության աշխատակից այժմ կա, նա լուրերի հաղորդավարի սեղանից ոչ հեռու է լինում, բայց Մարինա Օվսյաննիկովայի ակցիային չի հասցրել արձագանքել, քանի որ նման բան նախկինում երբեք չի եղել, և նա պատրաստ չի եղել իրադարձությունների այդպիսի զարգացմանը։

 

Ի՞նչ մթնոլորտ է Առաջին ալիքում

Փարիզում Առաջին ալիքի նախկին թղթակից Ժաննա Ագալակովան (ալիքից հեռանալու նրա որոշման մասին հայտնի է դարձել ակցիայի հաջորդ օրը) պատմում է, որ դեռևս մարտի 3-ին է ղեկավարությանը հայտնել, որ հեռանում է։ Այժմ նա իր գործերն է փոխանցում․ «Ազատությունս կսկսվի ուրբաթ օրվանից, սպասում եմ այդ օրվան»։ Այն հարցին, թե ինչու է լրագրողը որոշել ազատվել աշխատանքից, Ագալակովան ասել է․ «Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»։

Առաջին ալիքի կրեատիվ պլանավորման տնօրենության նախկին ղեկավար Ելենա Աֆանասևան, որն այնտեղ է աշխատել 2006-2021թթ․-ին, Meduza-ին ասել է, որ հեռուստաալիքում շատերը, այդ թվում՝ լրատվական ծրագրերի բաժնում, որտեղ աշխատել է Օվսյաննիկովան, «համաձայն չեն» կատարվող իրադարձությունների պաշտոնական դիրքորոշմանը։ «Ոմանք անկեղծ հավատում են նրան, ինչ անում են, ես շատերին գիտեմ։ Ոմանք աշխատում են, որովհետև աշխատելու ուրիշ տեղ չկա։ Մեդիադաշտը սեղմվել է ինչպես շագրենի կաշին»,- մեկնաբանում է Աֆանասևան,- «Ես ճանաչում եմ շատերին, ովքեր չեն կիսում պաշտոնական վերաբերմունքը կատարվող իրադարձություններին, որոնց մասին հաղորդում է ալիքը, բայց չեն կարողանում կամ վախենում են հեռանալ, որովհետև երեխաներ, ծնողներ, հիպոթեք, արժեզրկված խնայողություններ ունեն, գործազրկության օղակը սեղմվում է, փաստաթղթերում կարող են բացասական բնորոշումներ հայտնվել»։

Հեռուստաալիքին մոտ կանգնած աղբյուրը Meduza-ին հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր «Առաջինի բոլոր աշխատակիցները լարված են»։ «Բոլորը՝ առանց բացառության, հասկանում են, որ ստում են։ Չէ՞ որ նրանց ստուդիաներում էկրաններ են կախված Reuters-ի և AP-ի լուրերով, իսկ նրանց ուղարկվում են տեքստեր, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։

Պատերազմի ամենասկզբից լրատվական ծառայության միջին օղակը խուճապի մեջ է․ ինչո՞ւ ենք ստում, ի՞նչ է մեզ հետ լինելու։ Բայց ղեկավարությունը նրանց հանգստացնում է, թե շուտով [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկուն կտապալեն, և ամեն ինչ նախկինի պես կլինի։ Բայց ժամանակը գնում է, և Զելենսկուն ոչ ոք չի տապալում, ուղեղ և տեղեկությունների հասանելիություն ունեցողների նյարդերը տեղի են տալիս։ Իսկ Օվսյաննիկովան ունի և՛ ուղեղ, և՛ հասանելիություն, նա աշխատում էր կարևոր ծառայություններից մեկում՝ «Քաղաքների ծառայությունում», որտեղ սյուժեներ են հավաքում ողջ աշխարհից և համագործակցում տարբեր թղթակիցների հետ»,- ասում է աղբյուրը։

Նա վստահ է, որ Օվսյաննիկովայի արարքն ավարտվելու է ցուցադրական գործընթացով, որպեսզի «մյուսները չհետևեն նրա օրինակին»։

Մյուս կարևոր պետական հեռուստաալիքին՝ «ՎԳՏՌԿ»-ին (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) մոտ կանգնած աղբյուրը Meduza-ին հաղորդել է, որ այդ հեռուստաընկերության որոշ լրագրողներ նույնպես դժգոհ են իրավիճակից։ «Նրանք ստիպված են խոսել «խաղաղարար հատուկ գործողության մասին», սակայն նրանցից շատերն, օրինակ, զորակոչային տարիքի ազգականներ ունեն, որոնց ամեն գնով դուրս են բերում երկրից։ Եվ դա հրեշավոր մի բան է․ դու էկրանից պատմում ես, թե ինչ լավ է ամեն ինչ, իսկ ազատ ժամանակ օգնում ես իրերը հավաքել, որ հարազատներդ այդ «ազատագրական հատուկ գործողության» տակ չընկնեն»։

 

Առաջին ալիքում շարունակում են աշխատել հանգիստ և առանց հարցերի

Մարինա Օվսյաննիկովայի ակցիայից հետո Առաջին ալիքի աշխատանքում ոչինչ չի փոխվել, պատմում է Meduza-ի աղբյուրը․ «Որևէ առանձնահատուկ աղմուկ չի եղել․ մարդիկ աշխատում են, վերևից ոչ մի հրահանգ չի եղել։ Աշխատում են, գիտե՞ք, ինչպես գործարանում՝ հանգիստ և առանց հարցերի»։

Պարբերականի մյուս աղբյուրը նույնպես հայտնել է, որ «դեռևս ամեն ինչ հանգիստ է»․ «Ամպրոպի ձայնը դեռ տեղ չի հասել, և փաստ չէ, որ հասնելու է»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել