ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար օգնություն կտրամադրի
14:41 - 25 մարտի, 2022

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար օգնություն կտրամադրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել «հարևան երկրի դեմ դաժան հարձակումը, և աջակցություն հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Հայտարարությունում թվարկվում են այն ջանքերը, որոնք «ուղղված են ուկրաինացի ժողովրդին աջակցելուն» և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելուն՝ «նրա չարդարացված գործողությունների» համար։

Մասնավորապես, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց պատժամիջոցային ռեժիմները և պայմանավորվել ջանքեր գործադրել՝ համակարգելու արձագանքը դրանք շրջանցելու փորձերին։

Համաձայնեցվում են նաև Ուկրաինային հումանիտար օգնության տրամադրման քայլերը։

«[Այդ օգնությունը] ներառում է ավելի քան 1 մլրդ դոլար հումանիտար նոր օգնություն, որը Միացյալ նահանգները պատրաստ է տրամադրել՝ ի հավելումն արդեն տրամադրված շուրջ 300 միլիոն դոլարին և ԵՄ տրամադրած 550 մլն եվրոյին»։

Էներգետիկ համագործակցության շրջանակում քայլեր են ձեռնարկվում մատակարարման անվտանգության ապահովման և ռուսական էներգակիրներից կախվածությaնը նվազեցման ուղղությամբ։

Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքով պարենի գների աճի և մատակարարման խաթարումների պատճառով հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու համար ԱՄՆ-ն և Եվրամիությունը «մտադիր են կրկնապատկել ջանքերը պարենային գլոբալ անվտանգության ամրապնդման համար և պարենային օգնություն տրամադրել» այն երկրներին, որոնք բախվել են այդ խնդրին։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել