«Յամալ-Եվրոպա» խողովակաշարով գազի հոսքը զրոյի է հասել․ Reuters
13:17 - 30 մարտի, 2022

«Յամալ-Եվրոպա» խողովակաշարով գազի հոսքը զրոյի է հասել․ Reuters

«Յամալ-Եվրոպա» խողովակաշարով գազի հոսքը Գերմանիայի Մալնով կայանում երեկ երեկոյան զրոյի է հասել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով «Gascade» գերմանական գազատրանսպորտային օպերատորի տվյալները։ Մյուս երկու առանցքային խողովակաշարերով Եվրոպային ռուսական գազի մատակարարումներում, ընդհանուր առմամբ, փոփոխություններ չկան։

Մարտի 29-ի ցերեկը՝ տեղի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ, Գերմանիայից դեպի Լեհաստան «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով արևելյան ուղղությամբ գազի հոսքը Մալնով սահմանային կայանում կազմել է ժամում 1 451 155 կՎտ, այնուհետև նվազել՝ հասնելով զրոյի։

Reuters-ի՝ մեկնաբանություն տալու հարցմանը «Gascade» օպերատորը դեռ չի պատասխանել։

Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև մարտի 31-ը գործնական միջոցներ կմշակի, որ օտարերկրյա ընկերությունները գազի դիմաց ռուբլիով վճարեն։ Սա բարձրացնում է մատակարարման խափանումների հավանականությունը, քանի որ արևմտյան երկրները մինչ այս պահը մերժել են ռուբլիով վճարելու Մոսկվայի պահանջը։

Ռուսական «Գազպրոմ» գազային հսկան մարտի 29-ի գիշերվա և 30-ի համար հզորությունների պահուստավորում է իրականացրել «Յամալ-Եվրոպա» գազատարով գազի տարանցումն արևմտյան ուղղությամբ ապահովելու համար։

Սակայն փաստացի հոսքը չի երաշխավորվում, քանի որ «Գազպրոմը» ոչ միշտ է օգտագործում պահուստավորված հզորությունները։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել