Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում․ Նիկոլ Փաշինյան
12:31 - 31 մարտի, 2022

Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից, այդպիսով այս հարցը փակված համարելու համար։ Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ սա խնդիր է, որ առաջ է քաշում ոչ միայն ՀՀ-ն, այլ նաև միջազգային հանրությունը․ «Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով ԼՂ չկա, նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է ԼՂ անվանումը։ Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, տրամաբանական, այլոց թվում  նաև նրա համար, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է ԼՂ, ԼՂ հակարամարտություն եզրույթները, այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»։

Նա նշեց, որ այն, որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով․ «Այդպիսին են, օրինակ, Ադրբեջանի շարունակակակն պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությմաբ արձանագրվել է ՊԲ-ն ԼՂ-ից դուրս բերելու պարտավորություն։ Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետև հայտարարության մեջ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան։ Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունները վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է։ 2021թ․-ի նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են՝ բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի։ Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից և ակնհայտորեն մինչև օր ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթ, ինչի շուրջ աշխատանքները մենք, իհարկե, շարունակում ենք։ 
ԼՂ ՊԲ-ի դուրբերումը նշանակում է ԼՂ-ից հայերի դուրսբերում, և ըստ էության, այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է»։

Փաշինյանը նշեց, որ սրանով է նաև հիմնավորվում ԼՂ-ն հայկական ամեն ինչից՝ այդ թվում՝ հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը, և Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ ԼՂ-ի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ։ Վարչապետը հայտնեց, որ նախկինում հայկական կողմն առաջարկել է լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեին ռազմականացված շփման գծի հարցը, նկատի ունի Փառուխի հետ կապված իրադարձությունները։

Առաջարկի էությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետևյալն է․ արձանագրել, ֆիքսել շփման գիծը ԼՂ , արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխքիներով։ Վարչապետ հայտնեց, որ այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունը ակնհայտ է հատկապես հիմա։

«Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում․ տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, ՌԴ խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։

Ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած ՌԴ ՊՆ, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։

Մենք ակնկալում ենք, որ ԼՂ ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս-քվոն վերականգնելու համար։ Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը արժանանան պատշաճ քննության»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց՝ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երը ականանետային կրակ էին բացում, ԼՂ մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսկան աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար ղեկին գտնվող մարդկանց։ Նա հայտարարեց, որ նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թ․-ի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսկան աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ խաղաղապահների ներկայությամբ․ «Այս գործողությունների նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է»։

«Մենք կրկին արձանագրում ենք՝ Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ-ի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանը իր առաջարկների շրջանակում պատրաստ է բացել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ․ «Ինչու՞։ Որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը»։

Փաշինյանը ասաց՝ ՀՀ-ն առաջարկում է երկաթուղու վերագործարկման մասին 2021թ․-ի դեկտեմբերին 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձեյնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը․ «Մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել