ՌԴ կազմի մեջ մտնելու դեպքում Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ
14:23 - 31 մարտի, 2022

ՌԴ կազմի մեջ մտնելու դեպքում Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ

Հարավային Օսիան մտադիր է Ռուսաստանի կազմ մտնել՝ որպես սուբյեկտ, այնուհետև իշխանություններն անհրաժեշտ են համարում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու ընթացակարգ նախաձեռնել, «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Երեկ Բիբիլովը հայտարարել էր, որ Հարավային Օսիան իրավաբանական քայլեր է ձեռնարկում՝ մոտ ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու ուղղությամբ։

«Ալանիա մենք արդեն ունենք՝ և Հյուսիսային Օսիա-Ալանիա, և Հարավային Օսիա-Ալանիայի Պետություն։ Դա արդեն մեկ Ալանիա է։ Երբ մենք արդեն Ռուսաստանի Դաշնության կազմում լինենք, կան նաև ընթացակարգեր, որոնք կապված են սուբյեկտների միավորման հետ։ Այսօրվա դրությամբ Հարավային Օսիան կարող է Ռուսաստանի կազմ մտնել՝ որպես Ռուսաստանի սուբյեկտ։ Կարծում եմ՝ Օսիայի միավորումն անհրաժեշտ է», - ասել է Բիբիլովը։

Նա նշել է, որ ՌԴ կազմ մտնելը «մի քանի անգամ կավելացնի Հարավային Օսիայի Հանրապետության բնակչության անվտանգությունը»։

Բացի դրանից, Բիբիլովն ընդգծել է տնտեսական զարգացման հեռանկարները․

«Այսօրվա դրությամբ մենք ՌԴ-ի հետ մշակել ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բյուջեն, դա երեք տարի տևողությամբ ծրագիր է, ֆինանսական առումով՝ մոտ 4 մլրդ ռուբլի արժողությամբ»։

«Գլխավորն այն է, որ արդեն խորհրդակցություններ են ընթանում մեր ռուս գործընկերների հետ [ՌԴ կազմ մտնելու մասին հանրաքվեի անցկացման շուրջ]։ Եվ իրավաբանական գործողությունները պետք է, նախևառաջ, հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա։ Դրա համար հիմքեր կան։ Հարավային Օսիան անկախ պետություն է և կարող է ընդունել այն որոշումները, որոնք իր համար կենսական կարևորություն ունեցող է համարում։ Այս որոշումն իրոք կենսական անհրաժեշտություն է Հարավային Օսիայի ժողովրդի համար», - ասել է նա։

Նշենք, որ 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիան և Աբխազիան առանձնացան Վրաստանից, այնուհետև Ռուսաստանը ճանաչեց դրանց անկախությունը։ Վրաստանը Հարավային Օսիան ու Աբխազիան համարում է իր տարածքի մի մասը և չի ճանաչում դրանց անկախությունը։

 Գլխավոր լուսանկարում՝ Հարավային Օսիան |TASS|

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել