Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արցախում խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների մուտքը Արցախ․ «Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»,- ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։
comment.count (0)