«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանությունը դիմեց ակնհայտ սադրանքի։
Նա նախ եզրափակեց իրենց գործողությունները օրվա ընթացքում․ «Աշխարհի ամենաքաղաքակիրթ ճանապարհով, օրենքի տառին, ոգուն համապատասխան՝ հրավիրել ենք ԱԺ նիստ, որ եկեք, հայտարարեք, որ երկիրը չեք հանձնելու․ չեն եկել։ Գնացել ենք Կառավարություն, ասել ենք՝ ա՛յ հողատու, արի, ժողովրդին ասա, որ երկիրը չես հանձնելու։ Չի եկել, փախել է կառավարական ամառանոց։ Գնացել ենք հետևից, ասել ենք՝ եթե չես համարձակվում, տանդ միջից մի գրառում արա, որ երկիրը չես հանձնելու․ չի արել։
Դրանից հետո ասել ենք՝ բացեք ճանապարհը, գնում ենք խորհրդարան, հետո՝ Ֆրանսիայի հրապարակ։ Չեն բացել ճանապարհը, «կալցո» օպերացիա են արել, ուժ են կիրառել, լկտիաբար, ստորաբար, ամենալկտի ձևերով բռնություն են գործադրել ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Ասել եմ ու կրկնում եմ հատ-հատ պատասխան եք տալու»։
Սաղաթելյանն ընդգծեց, որ որևէ ուժ, որևէ բռնություն, որևէ ճնշում, ինչ ուզում են, թող անեն, մեկ է, չեն կարողանալու․ «Էսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Էսօր փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք»։
«Ոստիկանությունը խելագարի հրահանգով ակնհայտ դիմեց սադրանքի։ Դիմեց, որովհետև այլևս չէր կարողանում ժողովրդի խաղաղ անհնազանդության այս ամենը հանդուրժել, դիմեց, որովհետև ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան չկա, Կառավարություն չկա, երկրում իշխանություն չկա, իշխանությունն այս հրապարակում է և ժողովուրդն է»,- նշեց նա։
Ըստ Սաղաթելյանի՝ աա էր պատճառը, որ «անիմաստ գնացին սադրանքի»։
«Ո՛չ շենք ենք գրավել, ո՛չ ասել ենք մտնում ենք հողատուի տուն, ո՛չ ասել ենք՝ մտնում ենք կառավարություն, ո՛չ ԱԺ։ Ասել ենք՝ ճանապարհը բացեք, չեն բացել, որ ցույց տան, որ կարող են ժողովրդի ճանապարհը փակել, ես էլ ասում եմ՝ չեք կարող փակել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց որքան հնարավոր է երկար մնալ հրապարակում, իսկ վաղը՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հանրահավաք։ Նա նաև ասաց, որ կայցելեն վնասվածք ստացած քաղաքացիներին, այս ամենին կտան քաղաքական գնահատական, իսկ ոստիկանությանը՝ քաղաքական ու իրավական գնահատական։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։
Տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաև ոստիկաններ են դիմել տարբեր բժշկական կենտրոններ։ Նրանց թիվը այս պահին հստակ չէ։
Նշենք, որ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննսիսյանը արձագանքել է իրադրությանը՝ նշելով, թե «բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյանը»։
comment.count (0)