«Ես գիտեի, թե ինչպես է մտածում Պուտինը»․ Անգելա Մերկել
19:55 - 08 հունիսի, 2022

«Ես գիտեի, թե ինչպես է մտածում Պուտինը»․ Անգելա Մերկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնավարման ավարտից հետո առաջին մեծ հարցազրույցն է տվել գերմանալեզու Der Spiegel պարբերականին, որում խոսել է ուկրաինական պատերազմի, այն մասին, թե ինչու է խանգարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Պուտինի և այլ հարցերի մասին։ DW-ն անդրադարձել է հարցազրույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։

«Սև տաբատ, կապույտ վերնազգեստ, նույն սաթե վզնոցը, նույն սանրվածքը․․․ Նա բացարձակ չի փոխվել։ Անգելա Մերկելն այնպիսի տեսք ուներ, կարծես Der Spiegel-ի լրագրողի հետ զրույցի էր եկել Բեռլինի «Շաուբյունե» թատրոն հենց դաշնային կանցլերի գրասենյակից, որը նա 16 տարի անց լքել է՝ թոշակի անցնելով կես տարի առաջ։

Հունիսի 7-ի երեկոյան տեղի ունեցած այս զրույցը նախկին կանցլերի առաջին մեծ ելույթն էր պաշտոնը լքելուց և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո։ Չսադրված ռուսական ագրեսիան կտրուկ դատապարտող կարճ հայտարարություններ մամուլի համար Մերկելն արել էր։ Բայց ինչպե՞ս նա գնահատում իրադարձությունները, որոնք նախորդել են դրան։ Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը, որի հետ նա բազմիցս հանդիպել է և անհամար հեռախոսազրույցներ ունեցել։

 

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկի մասին

Գերմանացի քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասի համար փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումն Ուկրինա շոկ էր, շատ անսպասելի մի բան։ Մինչև վերջին պահը բոլորը կարծում էին, որ Ուկրաինայի հետ սահմանին զորքեր կուտալելով՝ Պուտինը միայն վախեցնում է և բարձրացնում խաղադրույքներն իր աշխարհաքաղաքական խաղում։

Սակայն Մերկելն, իր խոսքով, ամեաուշն անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի գագաթնաժողովին հասկացել է, որ աղետը մոտենում է։ 2021 թ-ի դեկտեմբերին պաշտոնը լքելուց հետո նա ուշադիր հետևել է իրադարձությունների զարգացմանը։

Սակայն կանցլերի պաշտոնում անցկացրած վերջին մեկ տարում նույնպես նա տեսել է, որ «նորմանդական ձևաչափը» փակուղի է մտել, իսկ Պուտինը վերջնականապես կորցրել հետաքրքրությունը Մինսկի գործընթացի նկատմամբ։ Սակայն Մինսկի գործընթացն, ասում է Մերկելը, միակ պահող բանն էր, որը թույլ էր տալիս շարունակել երկխոսությունը Դոնբասի իրավիճակի շուրջ։

 

Մինսկի գործընթացի մասին

Եվ Գերմանիայում, և Ուկրաինայում շատերը Մինսկի գործընթացն այլ կերպ են գնահատում, շատ ավելի քննադատաբար, իսկ ոմանք Ռուսաստանի նկատմամբ Բեռլինի քաղաքականությունը Ղրիմի բռնակցումից հետո նույնիսկ համեմատում են Հիտլերի խաղաղեցման քաղաքականության հետ 1937-1938 թթ-ին։

Ի տարբերություն Գերմանիայի նախագահ, նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, որը խոստովանել է Ռուսաստանի նկատմամբ գերմանական քաղաքականության սխալները՝ Մերկելը կարծում է, որ ամեն ինչ ճիշտ է արել, վատթարագույն զարգացումները կանխելու ոչ մի փորձ բաց չի թողել։ Նա կոչ է անում ամեն ինչ սև-սպիտակ գույներով չտեսնել, հաշվի առնել հստակ հանգամանքները, որոնցում սկսվել և անցկացվում էր խաղաղ գործընթացը։

Մերկելը հասկանում է, որ Մինսկի համաձայանգիրն ամեն ինչով չէ, որ համապատասխանում էր Ուկրաինայի շահերին, սակայն «այն իրավիճակում, երբ 6 հազար ուկրաինացի զինծառայողներ կարող էին շրջափակման մեջ հայտնվել Դեբալցևոյում, դա որոշակի հանգստություն մտցրեց, ․․․իսկ հետագայում Ուկրաինային ժամանակ տվեց՝ 7 տարի տվեց, որպեսզի այն դառնա այնպիսին, ինչպիսին այժմ է»։ Նախկին կանցլերը նկատի ունի աշխարհի՝ հզորությամբ երկրորդ միջուկային գերտերությանը դիմակայելու Ուկրաինայի ունակությունը։

Առանց Մինսկի պայմանավորվածությունների, վստահ է նա, Պուտինն այն ժամանակ կանգ չէր առնի և «Ուկրաինային հսկայական վնաս կհասցներ»։

 

2008 թ-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին

Այս շարժառիթով էր Մերկելն առաջնորդվում նաև ավելի վաղ՝ 2008 թ-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կտրականապես դեմ արտահայտվելով Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի՝ դաշինքին անդամակցության հեռանկարին։ Նա երեք պատճառ է նշել, որոնք իրեն ստիպել են դեմ արտահայտվել այդ գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների պլանի տրամադրմանը։

2008 թ-ին Ուկրաինան, Մերկելի խոսքով, «քաղաքական առումով շատ պառակտված էր»։ Իսկ անկայուն ժողովրդավարական համակագ ունեցող երկիրն, ըստ նրա, չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Որպես ևս մեկ պատճառ նա նշել է կոռուպցիան․ «Այն ժամանակ Ուկրաինան մի երկիր էր, որտեղ իշխում էին օլիգարխները»։

Ի վերջո, Մերկելը չի ցանկացել սադրել Պուտինին։ Նա վստահ է եղել, որ Ուկրաինային այդ գործողությունների պլանի տրամադրումը Ռուսաստանի նախագահը կընկալեր՝ որպես պատերազմի հայտարարում և թույլ չէր տա նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ «Նա ամբողջ Արևմուտքի մեջ թշնամի է տեսնում, կարծում է, որ իրեն անընդհատ նվաստացնում են։ Ես բացարձակ համաձայն չեմ դրան։ Բայց ես գիտեի, թե ինչպես է նա մտածում և որ դա դիտարկում է հենց այդպես»։

 

Պուտինի մասին

Այն բոլոր տարիներին, ինչ Մերկելը գլխավորել է գերմանական կառավարությունը, այսպես թե այնպես ստիպված է եղել գործ ունենալ ԽՍՀՄ փլուզման հետ կապված խնդիրների հետ՝ Վրաստան, Ուկրաինա, Մերձդնեստր, Բալթյան երկրներ, Հայաստան, Ադրբեջան․․․ Այս առնչությամբ նա հիշեցրել է 2007 թ-ին Սոչիում Պուտինի հետ հանդիպումը, որի ժամանակ բանակցությունների սենյակ էր մտել նախագահի շունը՝ լաբրադորԿոնին։

Այն ժամանակ Պուտինն առաջին անգամ է Մերկելին հայտարարել, որ ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձությունն է համարում։ Իսկ Մերկելը նրան ասել է, որ իր կյանքում դա երջանիկ պահ էր, որը թույլ է տվել իրեն ազատ տնօրինել սեփական ճակատագիրը։ «Պարզ դարձավ, որ մեր միջև մեծ տարաձայնություններ կան, և այդ տարաձայնությունները մեծանում են, - հիշում է Մերկելը։ - Այնպես որ, այս բոլոր տարիներին այդպես էլ չհաջողվեց վերջնականապես վերջ տալ սառը պատերազմին»։

Ցավոք, ասում է Մերկելը, չստացվեց Եվրոպայում անվտանգության այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք ունակ կլինեին կանխարգելելու նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։ Սակայն, հավելում է նա, ոչինչ չի կարող արդարացում լինել ռուսական ագրեսիայի համար․ «Դա դաժան, միջազգային իրավունքը ոտնահարող հարձակում է, որը ներում չունի»։

 

Պուտինի շան և արժեքների մասին

Այդ Կոնի շան դեպքի մասին մինչ օրս շատերն են հիշում։ Մի՞թե դա պատահականություն էր, չար դիտավորությո՞ւն։ Պուտինի մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ Կրեմլում չգիտեին, որ Մերկելը վախենում է շներից։ Ավելի ուշ այդ մասին Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել էր նաև Պուտինը։ Վարկած կա նաև, թե նա ցանկացել էր իր հյուրին ուրախացնել շան միջոցով։

«Երջանիկ է նա, ով հավատում է», - այս վարկածն է մեկնաբանում Մերկելը և հիշեցնում Մոսկվա կատարած իր առաջին այցի և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին, երբ 2005 թ-ին կանցլեր էր ընտրվել․ «Այն ժամանակ արդեն Պուտինն ինձ ասաց, որ լսել է շների հետ կապված իմ խնդիրների մասին, և ինձ նվիրեց հսկայական խաղալիք շուն»։

Հետագայում նույնպես նրանք նվերներով են փոխանակվել։

Սակայն Ղրիմի բռնակցումից հետո, Մերկելի խոսքով, կտրուկ բեկում եղավ․ «Մենք հարաբերությունները պահպանում էինք, ինչպես պետք է անեն պետությունների և կառավարությունների առաջնորդները, սակայն ինձ համար բացարձակ պարզ էր դարձել, որ մենք գործ ունենք ոչ այնպիսի մեկի հետ, որը մեզ բարօրություն է մաղթում՝ մեր կենսակերպով հանդերձ»։

«Ես արժեքների մասին որոշակի պատկերացում ունեմ, և այն սկզբունքորեն տարբերվում է արժեքների մասին նախագահ Պուտինի պատկերացումից, - ասում է Մերկելը։ - Նա ժողովրդավարությունը սխալ է համարում, ես՝ ճիշտ և կառավարման ամենամարդկային ձև՝ բոլոր թերություններով հանդերձ»»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել