Հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով․Բելառուսի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին |armenpress.am|
17:55 - 10 հունիսի, 2022

Հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով․Բելառուսի ԱԳ նախարարի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Բելառուսի արտաքին գործերի նախարարը նշեց, որ մասնավորապես քաղաքական և առևտրատնտեսական կապերը դինամիկ կերպով զարգանում են։ Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աննախադեպ ցուցանիշներ է գրանցել։

Վլադիմիր Մակեյը նաև խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ընդգծելով, որ Բելառուսը կտրականապես դեմ է ռազմական ճանապարհով խնդրի լուծմանը և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական և քաղաքական ճանապարհով։

- Պարոն Մակեյ, ի՞նչ հարցեր են քննարկվել և որոշումներ են կայացվել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

- Գիտեք, որ այս տարի լրացավ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30 տարին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20 տարին։ Իհարկե, այս նշանավոր տարեթվերը հետք են թողնում նաև քննարկումների վրա՝ կապված մեր կազմակերպության գործունեության հետ։ Այսօր տեսնում եք, թե ինչպիսի վտանգների և մարտահրավերների առջև են կանգնած հետխորհրդային, այդ թվում՝ մեր կազմակերպության անդամ երկրները։ Դա գլոբալ մարտահրավերներ են՝ կլիմայի փոփոխություն, համավարակ, ինչպես նաև այնպիսի հանգամանքներ, որոնք ներկայացնում են իրական վտանգներ մեր կազմակերպության համար՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ՆԱՏՕ-ի ամրապնդումը կազմակերպության արևմտյան սահմանին և այլն։

Իհարկե, նշելով այդ հոբելյանական տարեթվերը, մենք որևէ կերպ չենք պատրաստվում եղած հաջողություններով բավարարվել, ընդհակառակը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի այս նիստին քննարկել ենք մեր կազմակերպության ամրապնդման, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում կազմակերպության տեղը որոշելու հարցերը միջազգային հարաբերությունների համատեքստում։ Գտնում ենք, որ մեր կազմակերպությունը պետք է կարողանա համարժեք պատասխանել այն մարտահրավերներին և վտանգներին, որոնք առաջանում են գրեթե ամեն օր։ Հենց այդ հարցին ենք մենք մեծ ուշադրություն դարձրել խորհրդի նիստին՝ սկզբում նեղ կազմով, ապա՝ նաև ընդլայնված կազմով։ Մենք կարծիքներ ենք փոխանակել միջազգային իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Ես տեղեկացրել եմ այն մասին, թե ինչպիսի միջոցներ է ձեռնարկում ՆԱՏՕ-ն մեր արևմտյան սահմաններին։ Ցավոք, տեսնում ենք լարվածության աճ, որն ուղղված է այդ թվում մեր կազմակերպության դեմ. մեր սահմաններին ՆԱՏՕ-ի զինծառայողների քանակը ավելանում է, աճում է զորավարժությունների քանակը, որոնք ՆԱՏՕ-ի կողմից անցկացվում են ամեն տարի և այլն։

Մտքեր են փոխանակվել նշված իրադրության վերաբերյալ, և պայմանավորվել ենք սերտ համագործակել կազմակերպության արտաքին քաղաքականության ոլորտում։ Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնել թեմաներով, որոնք առնչվում են արտաքին քաղաքականությանը, ռազմական ոլորտին, անվտանգությանը։ Այս խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է համապատասխան խորհրդակցությունների 2021-24 թվականների ծրագիրը, ընդունվել է համապատասխան հայտարարություն մեր տարածաշրջանում իրադրության վերաբերյալ, որտեղ հստակ նշվում է անվտանգության անբաժանելիության սկզբունք ստեղծելու անհրաժեշտության մասին։ Չի կարող մի պետության անվտանգությունը կառուցվել մյուս պետության հաշվին։

Ընդհանուր առմամբ Երևանում անցկացված ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը եղել է հագեցած, արդյունավետ և բեղմնավոր։ Համոզված եմ, որ այն որոշումները, որոնք ընդունվել են այս խորհրդի նիստի շրջանակում, կարող են լավ հիմք ծառայել մեր կազմակերպությունը ամրապնդելու գործում։

 - Արդյո՞ք նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը: Ինչպիսի՞ն է Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ, ի՞նչ լուծումներ եք տեսնում:

- Չէի ասի, որ այդ հարցը ուղղակի կերպով քննարկվել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հայկական կողմը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի  և զարգացումների մասին։ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանն այդ թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բելառուսի դիրքորոշումը եղել է և մնում է միանշանակ՝ մենք կտրականապես դեմ ենք ռազմական ճանապարհով հարցի լուծմանը։ Գտնում ենք, որ բոլոր նման հարցերը, հակամարտությունները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ՝ դիվանագիտական և քաղաքական կարգավորման ճանապարհով։ Պետք է գործարկվի դիվանագիտական և քաղաքական քայլերի ողջ գործիքակազմը, որպեսզի ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարգավորվի որքան հնարավոր է շուտ։ Գտնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները լավ հիմք են ստեղծում խնդրահարույց այս իրավիճակի լուծման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, թե ինչպես է առաջ գնում սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը շատ զգայուն է այս փուլում։ Մենք լիովին աջակցում ենք այն ջանքերին, որոնք ընդունվում են երեք երկրների կողմից հակամարտության արագ կարգավորման համար և, ինչպես տեսնում ենք (այդ մասին ևս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը), այս առումով առաջացել են որոշակի հուսադրող պահեր։ Այս գործընթացին, իհարկե, ամբողջությամբ կաջակցենք՝ նկատի ունենալով, որ հարցը պետք է լուծվի որքան հնարավոր է արագ և այն պետք է լուծել դիվանագիտական և քաղաքական միջոցներով։

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել