civilnet.am: Հունիսի 20-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ մասնակցելու հօգուտ ԵՄ անդամակցության ցույցին, որը, ինչպես հայտնում է OC Media-ն երկրում վերջին ժամանակների ամենամեծ ցույցն է:
Ցույցը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուրբաթ Եվրահանձնաժողովը առաջարկեց մերժել Վրաստանի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի դիմումները: Հանձնաժողովը, նախքան թեկնածությունը կրկին քննարկելը, առաջարկել է Վրաստանին պայմաններ առաջադրել՝ ելնելով արևմտյան երկրների՝ Վրաստանի կառավարության ժողովրդավարական հետընթացի շուրջ աճող քննադատություններից:
Ցույցը կազմակերպել էր Shame լիբերալ խմբավորումը, որը ցույցի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին է։
Ցուցարարները հայտարարեցին, որ ձևավորում են շարժում՝ կազմված քաղաքացիական հասարակության խմբերից, լրատվամիջոցներից, ընդդիմադիր կուսակցություններից, ուսանողական խմբերից և արհմիություններից, որը պահանջների ցուցակ կներկայացնի կառավարությանը: Ըստ նրանց՝ եթե այդ պահանջները չկատարվեն, իրենք կնախաձեռնեն համազգային քաղաքացիական անհնազանդության զանգվածային արշավ։
Եվրախորհրդարանի մի քանի անդամներ ցուցարարներին դիմեցին նախապես ձայնագրված աջակցության հաղորդագրություններով, որոնցից ոմանք թիրախավորում էին Վրաստանի կառավարությանը:
Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն մեղադրել է Վրաստանի կառավարությանը, որն «[ամեն ինչ անում է], որպեսզի ԵՄ հանձնաժողովի հանձնարարականը բարենպաստ չդարձնի»: Նա կոչ արեց «հիշել այն մարդկանց, որոնք Վրաստանին հետ մղեցին դեպի Ռուսաստան», երբ կանգնած էին քվեատուփի մոտ։
Ցույցեր են անցկացվել նաև Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում և եվրոպական ութ քաղաքներում՝ Լոնդոնում, Պրահայում, Հանովերում, Փարիզում, Բուդապեշտում, Բեռլինում, Համբուրգում և Ռեյկյավիկում։
Կազմակերպիչները հայտնել են, որ ևս մեկ ցույց կանցկացվի ուրբաթ, երբ ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է վերջնական որոշում կայացնեն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դիմումների վերաբերյալ։
Ցույցն արժանացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատությանը: Ցույցի մասին հայտարարելուց հետո մի քանի կուսակցական առաջնորդներ կրկնել են այն պնդումները, որ դա կազմակերպված է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից:
«Այս հանրահավաքը համազգային շարժման հանրահավաք է. պետք է իրերն իրենց անունով կոչել։ Մարդիկ տեսնում և հասկանում են ամեն ինչ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ իրենք ինչ-որ քարոզչությամբ մոլորեցնում են հանրությանը, ապա մեծապես սխալվում է»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)