Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]
21:30 - 28 հունիսի, 2022

Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]

Քանի որ ես ոչ Հենրի Միլլերն եմ, որ մի բանի մասին երեք էջ գրեմ ու չհոգնեցնեմ, ոչ էլ, առավել եւս, Բակունցը, որ կարողանամ բնապատկեր նկարագրել այնպես, որ չուզեք տեքստն ավարտվի, ուստի ես արագ կանցնեմ առաջ ու կփորձեմ մի քանի փոքրիկ պատմությամբ ցույց տալ, թե Նոյեմբերյանի խիտ կանաչով ծածկված մի անկյունում ծվարած Այրում բնակավայրում մարդիկ ինչպես են ապրում, ինչով են զբաղվում, ինչպես են բակում արծիվ պահում ու քանդակներ սարքում։ Չեմ խախտի քաղաքում շրջելու ուղեգիծը, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ էր։

Ուրեմն, Այրումում մեզ դիմավորում է «Մարզերի երեխաները մարզերում» նախաձեռնության պատանի անդամներից մեկը՝ 16-ամյա Գրիգորի Բեջանյանը, ու պատրաստակամություն հայտնում ուղեկցել՝ ինչքան պետք է։ Եւ բնակավայրով մեր զբոսանքի ընթացքում Գրիշան սկսում է խոսել իր ծրագրերից, նպատակներից։ Մեր երիտասարդ բարեկամը, պարզվում է, իր համահիմնադրած հասարակական կազմակերպության՝ «Խոսենք գործովի» պետական գրանցման հարցերով է զբաղված։ Այս հասարակական կազմակերպությունը, ինչպես պատմում է Գրիշան, հիմնվել է մարզեցի ակտիվ երիտասարդների ջանքերով։ Այս պահին իրենց թիմում ութ կամավոր է ներգրավված, որոնցից հինգը Ջավախքից են, երեքը՝ Հայաստանից։ Իսկ կազմակերպությունը կրթական-երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու նպատակ ունի՝ դասախոսություններ, արշավներ եւ այլն։ Բայց այդ ամենը կազմակերպելու համար պատանիներին աջակցություն է պետք՝ ոչ միայն մասնակցության տեսքով, այլ նաեւ ֆինանսական։ 

Գրիգորի Բեջանյանը

Իսկ 12-րդ դասարանում սովորող Գրիշան դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ձեռք բերելու, բայց հաստատ գիտի՝ հասարակական գործունեությամբ անպայման զբաղվելու է։ Դժվարություններից չի վախենում, բայց, ասում է, քաջալերումը չէր խանգարի։ Իսկ դոնոր գտնելու համար նա ու իր թիմակիցները պատրաստ են քննարկումներ ունենալ, ուստի եթե հետաքրքրված եք՝ անպայման գրեք երիտասարդներին ([email protected]

Հետո գնում ենք հանդիպելու Այրումի վարչական ղեկավարի՝ Արշակ Էվինյանի հետ, որը բարեհամբույր ընդունում է մեզ։ Նա չի խուսափում խոսել համայնքի խնդիրներից ու նշում է, որ հիմա շենքերի տանիքների ու քաղաքի ճանապարհների անբարեկարգ վիճակն է ամենից շատ անհանգստացնողը։ Բայց, միեւնույն ժամանակ, նշում է, որ սուբվենցիոն ծրագրերն ընթացքի մեջ են, ու այդ խնդիրներին անպայման լուծումներ կտրվեն։ Միայն թե, եթե հաջողվեր հավելյալ ֆինանսավորում ձեռք բերել, տանիքների հարցը ոչ թե մի քանի տարում, այլ միանգամից կլուծվեր։ 

Արշակ Էվինյանը

Այրումում մարդիկ անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում, շատ քչերն են խոշոր կամ մանր եղջերավորների պահում։ Վարչական ղեկավարի հայտնած տվյալներով՝ Այրումում 656 տնտեսություն կա, 2675 մարդ է բնակվում։ Մարդկանց անհանգստացնում է զբաղվածության խնդիրը․ ով հնարավորություն ունի՝ հասարակական կամ սպասարկման ոլորտում աշխատում է, ով էլ քաղաքում գործ չի գտնում, հարեւան գյուղեր կամ քաղաքներ է գնում, ոմանք էլ՝ արտագնա աշխատանքի։ Ի դեպ, ժամանակին՝ Սովետական միության շրջանում, Այրումում պահածոների հսկայական գործարան է աշխատել, որն այսօր ուղղակի ավերակ է։ Էվինյանը պատմում է, որ գործարանը Միության մակարդակով 8-տոկոսանոց մատակարարում է ապահովել, այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատել։ Հիմա այդ ավերակները երեւի թե միայնակների ու նաեւ սիրահարների թաքստոցներն են․ ոչ այլ ինչ։

Էվինյանը մեր զրույցում մտահոգ տոնով խոսում է նաեւ այն մասին, որ ոչ բոլոր երիտասարդներն են մնում քաղաքում, ավելի հաճախ նախընտրում են Երեւանում աշխատանք գտնել ու մնալ այնտեղ․ շատերը դպրոցն ավարտում-գնում են։ Այրումի դպրոցում 310 աշակերտ է սովորում։ 

Այրումում է Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարանը։ Համայնքի վարչական ղեկավարը մեր զրույցում նշում է, որ տեւական ժամանակ է՝ այդ հատվածում կոյուղու խնդիր կա․ կոյուղաջրերը երբեմն մարդկանց բակեր են լցվում։ Այս խնդիրը երկար ժամանակ է՝ աչքաթող է արվում, բայց համայնքի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները «Վեոլիա ջրի» ու պատկան մարմինների հետ՝ հարցին լուծում տալու համար։ 

Մինչ մի ուրիշ թաղամաս ենք պատրաստվում գնալ, քաղաքամիջում հանդիպում ենք խաչքար սարքող երիտասարդի։ 23-ամյա Կամո Աղվանյանն է, վարդագույն տուֆի մեծ սալիկի վրա գլուխը կախ աշխատում է։ Եւ դեմ չէ, որ իրեն խանգարենք։ Զրույցի ընթացքում պատմում է՝ մի քանի տարով արտագնա աշխատանքի է մեկնել, բայց, այնուամենյանիվ, որոշել է վերադառնալ Այրում՝ այստեղ ապրելու ու ստեղծագործելու։

Կամո Աղվանյանը

Կամոն Թերլեմեզյանն է ավարտել, նկարել էլ է սիրում, բայց համարում է, որ քանդակելն իրեն ավելի հոգեհարազատ է։ Դա նկատվում է նրա աշխատելու ձեւից․ փորագրության գործիքին մուրճով խփում է զգուշորեն ու ամենայն ուշադրությամբ, որ որեւէ թերություն չլինի։ Բայց թերություններն էլ, նկատում է նա, լավ աշխատանքով կարելի է շտկել։ Երիտասարդը համոզված է՝ Այրումը լավ էլ ապրելու տեղ է՝ շատ ջերմ ու բարի մարդկանցով, որոնք անպայման մեկը մեկի որպիսությամբ հետաքրքրվում են։ 

Շարժվում ենք դեպի երկաթուղի։ Ճանապարհը մեքենայի չէ․ երկաթե կամուրջ է գցած Դեբեդի վրա, որ, իր բնավորության համաձայն, միշտ գժված է հոսում։ Երկաթուղին հատում՝ հակառակ կողմն ենք անցնում։ Եւ առաջին պատկերները, որ աչքիս ընկնում են, նռան շքեղ ծառն ու դրան մոտ արծվի-առյուծի փայտե քանդակն են։

Հետո միամիտ տեսնում եմ արծվի, որ, զարմանալիորեն, ոչ թե ճախրում է երկնքում, այլ խելոք նստած է բնում՝ երկաթե վանդակի մեջ. առաջին հայացքից տխուր տեսարան է, բայց գուցե օրինաչափությունից դուրս բաներին էլ պետք է այլ հայացքով փորձել նայել։ Տներից մեկի դարպասի դռնից դուրս է գալիս պատկառելի արտաքինով մի տղամարդ ու հարցնում՝ հը՞, ո՞րտեղացի եք, տեսել ե՞ք սենց բան։ Ու բացում է վանդակի դուռը, արծվին՝ Ռոկիին, հրավիրում դուրս․ «Արի՛, Ռո՛կ, արի՛, արի ման արի»։ Ու արծիվը, պոչը շարժելով, խելոք դուրս է գալիս, թեւերը մի քիչ թափահարում, տեղավորվում ռելսերի վրա։

Ռոկին

Կողքին նստում է տերը՝ Սամվել Պարոնյանը, որ հետո պարզվում է՝ ոչ այնքան տերն է, որքան ընկերը։ Ասում է՝ արծիվը, երբ եկավ, ձագ էր, անօգնական, տկար։ Օգնել է՝ ոտքի կանգնի, հետո Ռոկին չի հեռացել․ «Ռոկին տղայա, իսկական ընգեր։ Մենք ախպերություն ենք անում, երեք տարի ա՝ քիչ չի։ Ինքը հզոր տղայա, նենց պրիմիտիվ տղա չի, բայց ախպերություն ա, իրար հասկանում ենք»։

Սամվել Պարոնյանը՝ Ռոկիի հետ

Սամվելը պատմում է, որ երբ ձագին օգնել է, սա էլ չի հեռացել իր մոտից։ Գնացել, թռչել է իր ուզած տեղերը, բայց անպայման հետ եկել՝ թառել Սամվելի տան մոտի փայտե հարմարանքներին։ Եւ, գուցե տարօրինակ թվա, բայց ոչ մեկի «քեֆին չի կպել»։ Դեռ ընդհակառակը՝ գյուղից մի չոբան այդ կողմերով անցնելիս, երբ տեսել է արծվին, երեւի վախեցել է, ու ինքն է սկսել «բզբզել» թռչնին, քարեր է նետել, ասել է, թե արծիվն ուզել է աղունիկին ուտել։ Սամվելն էլ, խուսափելու համար նման դեպքերից, Ռոկիի համար բուն է սարքել։ Սամվելն ասում է՝ թռչնին կերակրում է իր որսած շնագայլի թարմ մսով, իսկ Ռոկին, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, շատ քմահաճն է՝ յուղոտ, ոսկրոտ միս չի ուտում։ Հետո դուրս է գալիս զբոսանքի, խելոք վերադառնում բունը։ Սամվելը պատմում է՝ թոռները հանգիստ խաղում են բակում նույնիսկ այն ժամանակ, երբ Ռոկին «դրսերը թրեւ է գալիս»։

Արծվի բնի կողքին դրված փայտե արձանը Սամվել Պարոնյանն է քանդակել։ Բայց դա նրա մասնագիտությունը չէ․ Պարոնյանը ոստիկանության նախկին աշխատակից է՝ մայոր։ Հիմա տիկնոջ հետ է ապրում, զբաղվում է գյուղատնտեսությամբ ու մեծ կիրք ունի փայտե քանդակներ պատրաստելու հանդեպ։ Սարքում է սկուտեղներ, հեքիաթի կերպարներ, սիմվոլիկ քանդակներ։ Դրանցում հաճախ հանդիպում են արծիվն ու առյուծը, որ, զգացվում է, ոգեշնչում են Սամվելին։

Իր քանդակների մասին նա էնտուզիազմով է պատմում։ Մեկից մյուսին է անցնում, ցույց տալիս դետալները, որ ամբողջությամբ բնական են՝ փայտ, ագաթ, այլ բնական քարեր։ Մի մեծ, կլոր կոճղի վրա էլ հեքիաթ է քանդակել։ Ասում է՝ պապի ու կենդանիների հեքիաթը գիտե՞ք։

Ու սկսում է կոճղը պտտելով պատմել․ «Հեքիաթի պապիկն ա, բնության գրկում ա էլի պապը, պատմում ա՝ ինչեր են լինում էս կյանքում։ Ասում ա՝ մի հատ խոզ կար էլի, քանդում էր կաղնու ծառի տակ, վերջը՝ դրա մռութը բռնեցինք, բայց էդ ծառի վրա կանգնած արծիվ կար, վերեւից նայում էր, թե էդ խոզը խի ա քանդուքարափ անում։ Ըտեղ ծաղիկ կար, կոճղ կար։ Եկավ աղվեսը, հանդիպեց խաղողի, դունչը բարձրացրեց, չհասավ, ասաց՝ խակ ա, տվեց-անցավ։ Եկան, արջին հանդիպեցին, արջն ասավ՝ իմ հետ գործ չունեք, ես ծանր, խախանդ տղա եմ, ու տենց էլի, անցավ-գնաց»,- կոճղը պտտելով՝ պատմում է Սամվելը։

Այս հեքիաթը կարող է հազար զարգացում ունենալ, համ անավարտ մնալ, համ էլ հազար ավարտ ունենալ։ Բայց ավարտի դեպքում՝ անպայման աբստրակտ, ինչպես Սամվելի քանդակներն են։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել