Ըստ Վարդապետյանի՝ մեխանիզմը, որ թույլ կտա հաղթահարել  մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է
12:26 - 29 հունիսի, 2022

Ըստ Վարդապետյանի՝ մեխանիզմը, որ թույլ կտա հաղթահարել մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում ունեցած իր ելույթի ընթացքում մի քանի խնդիր առանձնացրեց, որոնք տեսնում է մինչդատական վարույթում։

«Աշխատելով վարչապետի աշխատակազմում և անընդհատ առնչվելով քաղաքացիների դիմումներին, դժգոհությունների և խնդիրների հետ և հետևողականորեն գնալով այդ խնդիրների հետևից, ինքս ինձ համար արձանագրել եմ, որ մենք ունենք բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ, ֆորմալ առումով՝ ճիշտ, բովանդակային առումով՝ մեղմ ասած ոչ լիարժեք։ Արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, արդյունքում ունենում ենք ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր դատարաններում ու մինչդատական վարույթում, և ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում»։

Վարդապետյանը ընդգծեց՝ թիվ մեկը խնդիրը, որ իր ուշադրության կենտրոնում է գտնվել և հետագայում էլ գտնվելու է անկախ  զբաղեցրած պաշտոնից, ուշացած արդարադատություն է։

Գլխավոր դատախազի թեկնածուն ասաց՝ մեխանիզմը, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում ձգձգումները, արդյունավետ դատախազական հսկողությունն է։ «Արդյունավետ դատախազական հսկողությանը հնարավոր է հասնել հետևողական դատախազով։ Եթե դատախազը հետևողական է գործի նկատմամբ, իսկ ես չեմ խոսում միայն ժամկետների և երկարացվող նախաքննությունների մասին, երկուական ամսով։ Ես խոսում եմ ամենօրյա աշխատանքի մասին։ Երբ դատախազը իր հսկողության տակ գտնվող գործի վերաբերյալ ունի տեղեկատվություն և հետևողական է այդ գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության, Ազգային ժողովի դռների դիմաց՝ պահանջելու իր գործի քննությունը, և մենք էլ ստիպված լինենք բացատրել, որ քաղաքական թիմը ամենազոր և չի կարող իրավական հարցերի մեջ խառնվել, միջամտել, ինչում ինձ մի անգամ չի, որ մեղադրում են»։

Նրա կարծիքով՝ այլևս իրավունք չունեն գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից․  «21-րդ դարում, երբ մեր ամբողջ սոցիալական կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր․․․հիշեք առավոտից մինչև ԱԺ շենք ձեր հասնելու գործընթացը։ Ձեր բոլոր վճարումները, ձեր բոլոր հեռախոսազանգերը, ամեն ինչը իրավաբանորեն փաստաթղթավորված, իրական կամ վիրտուալ գործընթաց է։ Եվ այս պայմաններում պահանջել․ որպեսզի անձը ինքը գա և ստանձնի բեռ, հանցագործության մասին մեզ հայտնելու կամ այդ հանցագործության արդյունավետ, հաջողված քննությունը ապահովելու, իմ կարծիքով արդեն հին է»։

Ըստ Վարդապետյանի՝ շատ տեխնիկական, բայց շատ կարևոր խնդիր է համագործակցված աշխատանքը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Խոսքը օտարերկրյա գործընկերների հետ շփումներին։

Թեկնածուն նաև ասաց՝ անհրաժեշտ է բացառել հովանավորչությունը․ «Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ։ Եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ քայքայելու է ժողովրդավարության հիմքերը»։

Մյուս խնդիրը, որին անդրադարձավ Վարդապետյանը, հանցագործությունը կանխարգելող մեխանիզմները քրեական գործի հարուցման և քննության ֆորմալ մեխանիզմներով փոխարինելն է։ «Կանխարգելման մեխանիզմը աշխատելու փոխարեն սկսում է աշխատել շատ ավելի ծանր ու թանկ մեխանիզմ, որ կոչվում է քրեական գործ։ Քրեական գործ բառը հեշտ արտասանում ենք, բայց դա շատ թանկ է նստում մեր հարկատուների վրա։ Ցանկացած փաստաթուղթ, որ ներառված է քրեական գործի մեջ, ձևավորվում  է մեր հարկատուների հաշվին և առանց պատշաճ կանխարգելման մեխանիզմների խոսել քրեական քաղաքականության մասին էլի կարծում եմ ժամանակավրեպ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել