Ոստիկանության ապաքաղաքականացման համար անհրաժեշտ է ստեղծել Ներքին գործերի նախարարություն․ նախկին փոխոստիկանապետ
15:39 - 12 հուլիսի, 2022

Ոստիկանության ապաքաղաքականացման համար անհրաժեշտ է ստեղծել Ներքին գործերի նախարարություն․ նախկին փոխոստիկանապետ

Ներքին գործերի նախարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը հայտարարեց, որ պետք է ֆունկցիաների հստակ սահմանազատում լինի, ոստիկանության ապաքաղաքականացման համար անհրաժեշտ է ստեղծել ներքին գործերի նախարարություն. «Չունենք ՆԳՆ, չունենք ապաքաղաքական ոստիկանություն, սա աքսիոմ է»: 

Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ «քաղաքական խնամակալի» բացակայությունը միշտ դժվարացրել է  ոստիկանության իրավաստեղծ աշխատանքների, հանցավորությունները զսպելու ծրագրերի առաջմղումը․ «Դրանք շատ հաճախ մերժվում ու չեզոքացվում էին գերատեսչական զանազան քննարկումների, զանազան լսումների ժամանակահատվածում։ Մի գործոն էլ կա, որ անընդհատ սրան նպաստում է։ Դա Ոստիկանության նկատմամբ ավանդական անվստահությունն ու զգուշավորությունն է՝ նույնիսկ պետական ապարատի ներսում, խոսքը չի վերաբերում հասարակությանը։  Նախարարության ձևավորումը այս խնդիրը վերջնական կլուծի»։

Նա նշեց՝ ներքին գործերի նախարարությունը պետք է վարի քաղաքականություն հանցավորությունը զսպելու ոլորտում․  «Այնպիսի պետական մարմին, որի վրա օրենքով այսպիսի պարտավություն դրված լինի, մինչև օրս մենք չունենք»։ 

Նախկին փոխոստիկանապետն ընդգծեց,  որ նախարարության կարևոր ձեռքբերումը կլինի այն, որ պաշտոնից ազատելու համար օրենսդրական հստակ ամրագրում կլինի. «Այսօր ազգային օրենսդրական կարգավորմամբ ոստիկանության պետերի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը; Բացարձակապես հակասահմանադրական մի ընթացակարգ. երբեք ոստիկանություն պետերը ԶՈւ հրամկազմի մաս չեն հանդիսացել, բայց նրանց նշանակումն ու ազատումը կատարվում է այնպես, ինչպես զինված ուժերի հրամկազմինը: Այս արատը եւս շտկման կարիք ունի»: 

Նա նաև նշեց, որ սուպերնախարարության ստեղծումը ռիսկ է, որից անհրաժեշտ է խուսափել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել