news.am: ՊՎԾ-ն դեռեւս Հայկ Մարությանի ժամանակ երկու անգամ փորձ կատարել է քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու. քաղաքապետարանում բավական մեծ դիմադրության է հանդիպել երկու անգամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, քիչ առաջ փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երբ Հայկ Մարությանին հեռացրին Երեւանի քաղաքապետի պաշտոնից անմիջապես ուսումնասիրություն սկսվեց քաղաքապետարանում, ինչը հետապնդման տպավորություն է թողնում:
«Այո, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են եւ եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Մնացածի իրավապահներին դաշտում է»,-ասաց Ավինյանը:
Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակից Երեւանի ընտրություններում, նա պատասխանեց. «Ես այս պահին որեւէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ: Ես այս պահին կենտրոնացած եմ լինելու միմիայն փոխքաղաքապետի աշխատանքների վրա: Պետք է կենտրոնանալ օրվա խնդիրների վրա, որոնք ունեն հրատապ լուծման կարիք»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայկ Մարությանը հեռանալիս մեղադրեց իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար, Ավինյանն ասաց. «Մենք աշխատել ենք պարոն Մարությանի հետ եւ որոշ հարցեր կարողացել ենք լուծել: Կամուրջ ենք կառուցել, շատ հարցերում չենք կարողացել համաձայնության գալ, որովհետեւ որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումների էր, իսկ կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել: Թե ով է ճիշտ, ոչ է սխալ, չեմ կարող ասել: Իսկ թե ով է զանգել, ինչ է ասել, ես խնդրում եմ խոսել անուններով, կոնկրետ»:
comment.count (0)