Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|
11:11 - 16 նոյեմբերի, 2022

Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

news.am: Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

«Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից: Մինչեւ հիմա արձանագրված գնաճը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն երկու անգամ ավել 2020-ի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը:

Գնաճի բոլոր նախադրյալները կան. մինչեւ հաջորդ տարվա ավարտը զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ: Այսինքն նվազագույն զամբյուղը բարձրանալու է մինչեւ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ: Այնպես որ, սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»,-ասաց նա:

ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսներին թե հանձնաժողովների նիստերի, թե քննարկումների ժամանակ իրենց  առաջարկությունները ներկայացնեին: Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատաոճը եւ հարցերը կքննարկվեն այն տեղում, որտեղ պետք է քննարկվեն»:

«Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ իրենք երկու անգամ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Դուք նույնիսկ չեք քվեարկել, որ այդ հարցերը մտնեն օրակարգ, երբ առաջարկում էինք 2023 թվականից այն դարձնել 80 հազար դրամ»:

Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց, որին կողմ քվեարկեց 68, ձեռնպահ՝ 27 պատգամավոր: Այդ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 75 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել