Ալմաթիի հռչակագրին հղում տալը չի նշանակում, որ հնարավորություն չի լինի Արցախի կարգավիճակին անդրադառնալ. Աղաջանյան

 |armenpress.am|
17:20 - 02 դեկտեմբերի, 2022

Ալմաթիի հռչակագրին հղում տալը չի նշանակում, որ հնարավորություն չի լինի Արցախի կարգավիճակին անդրադառնալ. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի հետ կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ու պատասխանել է հարցին, թե ինչպես կմեկնաբանի Լավրովի հայտարարությունը, քանի որ, ըստ Լավրովի խոսքերի, ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չեն կարող թողնել ապագային.

«Կարծում եմ՝ կարիք չկա մեկնաբանելու Լավրովի հայտարարությունը: Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ և Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքը, մանրամասները և դետալները հրապարակվել են: Կարծում եմ, որ ոչ Սերգեյ Լավրովն է որևէ նոր բան ասել, ոչ ես կարող եմ ավելացնել։

Կարծում եմ՝ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրին հղում տալով՝ որևէ հնարավորություն չի կորսվել, դրա արդյունքում չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավորություն չի լինի կարգավիճակին անդրադառնալ։ Իրականում, հետագային թողնելու առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, դրան հայկական կողմը համաձայնել է։ Ենթադրվում է, որ դրա հնարավորությունների և անհնարինության գնահատումը, այո, պետք է Ռուսաստանի կողմից հնչի՝ պայմանավորված նրանով, թե հայկական կողմը որ փաստաթղթին է հղում կատարում, այլև պայմանավորված նրանով, թե Ռուսաստանը որպես միջնորդ ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողություն դարձնել, հաշվի առնելով, որ հայկական կողմը հայտարարել է, այդ թվում հրապարակավ, որ կողմ է այդ լուծմանը: Ենթադրվում է, որ Ադրբեջանը համաձայն չի, բայց արձանագրենք՝ Հայաստանը համաձայնել է, արձանագրենք, որ առաջարկը եղել է: Այդ հարցը ոչ մի կերպ կապված չէ Ալմաթիի փաստաթղթի հետ, միայն ու միայն կապված է նրա հետ, թե ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ մեր Ռուսաստանի գործընկերները կարող են այդ առաջարկն իրողություն դարձնել»,- ընդգծեց Աղաջանյանը:

Հիշեցենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ալմա-Աթայի հռչակագրով խորհրդային բոլոր պետությունները հաստատում են սահմանների անփոփոխությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ այդ ժամանակ ԼՂԻՄ-ը, միանշանակ, Խորհրդային Ադրբեջանի մաս էր։ 

«Եվ երբ դրան հավանություն տվեցին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Ֆրանսիան, և՛ պարոն Միշելը այն փաստաթղթի շրջանակներում, որ իրենք ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագիրը առանց նախապայմանների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին: Իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի մասին, այլ որ հարկավոր է ապահովել հայ բնակչության իրավունքները Ղարաբաղում: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են տրամադրել իրավունքների երաշխիքներ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Իսկ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում»,- ասել էր Լավրովը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել