Արցախի Իվանյան քաղաքում այսօր տեղի է ունեցել ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր՝ նշելով, թե Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը՝ հրամանատար Անդրեյ Վոլկովի գլխավորությամբ, թույլ չի տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին լուսաբանել քննարկումները։
Հրապարակված տեսանյութերից մեկում, ադրբեջանջի լրագրողների պնդումներին ի պատասխան, թե իրենց աշխատանքն ու իրավունքներն են խախտվում, ռուսական զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը նշում է, որ տեսախցիկների ու լրագրողների մուտքը քննարկումներին արգելված է․
«Ոչ մի տեսախցիկ։ Ոչ մի բան։ Ես էլ եմ ամեն ինչ կարդում ու տեսնում։ Դա վարկաբեկիչ է»,- նշում է ռուս հրամանատարը՝ նկատի ունենալով ադրբեջանական լրատվամիջոցներում ռուս խաղաղապահների եւ իր հասցեին ուղղված բացասական հրապարակումները։
Հրապարակված մեկ այլ տեսանյութում ադրբեջանցի լրագրողները փորձում են ոտքով անցնել ռուսական խաղաղապահ զորախմբի անցակետը և ներխուժել Արցախի տարածք՝ Ստեփանակերտի ուղղությամբ։ Սակայն խաղաղապահները ներգրավել են լրացուցիչ ուժեր և խոչընդոտել նրանց՝ փակելով ճանապարհը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։
Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի՝ ընդերքի մասին օրենսգրքով, և որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ հանդիպում են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների «ապօրինի շահագործման ու այդ գործունեության հետևանքների առնչությամբ»։
comment.count (0)