Արայիկ Հարությունյանը չի ասել, որ 2021 թ․ Արցախում ապրել է 35 հազար հայ․ ադրբեջանցի դիվանագետը ստում է
16:31 - 20 դեկտեմբերի, 2022

Արայիկ Հարությունյանը չի ասել, որ 2021 թ․ Արցախում ապրել է 35 հազար հայ․ ադրբեջանցի դիվանագետը ստում է

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ, Կանադայում և Չեխիայում Ադրբեջանի նախկին դեսպան Ֆարիդ Շաֆիևը երեկ թվիթ է արել՝ գրելով․ «Ըստ Ղարաբաղի հայության առաջնորդի՝ 2021 թվականին Ղարաբաղում ապրել է 35 հազար հայ»։ «Ղարաբաղի հայության առաջնորդ» ասելով՝ ադրբեջանցի դիվանագետը նկատի ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ 

Կից Շաֆիևը նաև Արայիկ Հարությունյանի ելույթի սղագրությունից սքրինշոթ է հրապարակել, որտեղ ընդգծել է Արայիկ Հարությունյանի ուղիղ խոսքը․ «Ինչպե՞ս եք պատկերացնում 35 000 քաղաքացիների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն առանց Հայաստանի հետ փոխգործակցության։ Նման խնդիրների պատճառով մենք Մարտակերտի և Շահումյանի մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից»։

Այս սքրինշոթը armeniasputnik.am–ի՝ 2021 թ․ հունիսի 22-ի հրապարակումից է։ Մեջբերումը Արցախի նախագահի՝ Վերածննդի հրապարակում ունեցած ելույթից է (ամբողջական ելույթը կարող եք լսել այստեղ)։ Ելույթի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունների համատեքստում Հարությունյանն իրոք խոսել է 35 000 քաղաքացիների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծուման մասին, սակայն նրա խոսքը բնավ չի վերաբերում 2021-ի դրությամբ Արցախի Հանրապետության բոլոր բնակիչներին։ 

44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ տարածքների բնակիչները տեղահանվեցին իրենց տներից։

2020-ի նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը։ Կառավարությունն այն ժամանակ հայտնել էր, որ նախնական գնահատմամբ այդ ծրագրով 300 000-ական դրամ աջակցություն է ստանալու 30-35 հազար արցախցի։ 

Արցախի Ազգային ժողովի՝ 2021-ի փետրվարի նիստերից մեկի ընթացքում Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի այն ժամանակվա նախարար Մանե Թանդիլյանը խոսել էր 35 հազար տեղահանվածի համար նախատեսված 300 000-ական դրամ աջակցության մասին։

Այսպիսով, տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանը, խոսելով 35 000 քաղաքացիների սոցիալական և կենցաղային խնդիրների լուծման մասին, նկատի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներին։

Իսկ ադրբեջանցի դիվանագետը ակնհայտ կեղծիք է տարածում՝ ասելով, թե ըստ Արայիկ Հարությունյանի՝ 2021 թվականին Արցախում ապրել է 35 հազար հայ։ Վերջին տվյալներով Արցախի Հանրապետությունում 120 000 հայ է ապրում, և սա այն դեպքում, երբ պատերազմից հետո տեղահանված ոչ բոլոր Արցախցիներն են վերադարձել այնտեղ։

Գլխավոր լուսանկարում՝ Ֆարիդ Շաֆիևը

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել