Հարցին, թե որն է կարմիր գիծը, որ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց․ «Կարմիր գիծը․ եթե էդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին»։
Ճշտող հարցին, թե այսօրվա դրությամբ կա՞ այդպիսի փաստաթուղթ, նա ասաց․ «Եթե լիներ էդպիսի փաստաթուղթ, ես կասեի, որ արդեն ստորագրել եմ կամ վաղը պատրաստվում եմ ստորագրել։ Պրոցեսն ինչպիսին ա․ մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին ու դեռ պատասխան չենք ստացել։ Հարց կար, որ մինչև տարվա վերջ պետք է ստորագրվի․ ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել, և ասել եմ՝ մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք, որ ստորագրենք․ էսօր էլ եմ ասում»։
Փաշինյանն ընդգծեց, որ եթե սեղանին լինի թուղթ, որը իրենք պատրաստվում են ստորագրել, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի․ «Որովհետև նշանակում է՝ մեզ հաջողվել է գալ մի կետի, որտեղ բալանսավորված համարել ենք, որ ՀՀ շահերը պաշտպանվում են։ Իմիջիայլոց ասեմ՝ հիմա արդեն պրոբլեմը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև թղթի բովանդակությունն իրագործելու մեխանիզմը, որովհետև նոյեմբերի 9-ին էլ, չէ՞, մենք ստորագրված թուղթ ունենք, բայց այսօր փաստն այն է, որ էդ թուղթը չի կատարվում։ Այսինքն՝ մենակ թուղթ ստորագրելը բավարար չի։ Մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, և հաջորդ օրը կարող է նոր ռազմական էսկալացիա լինի։ Անունը դնենք խաղաղության պայմանագիր, ստորագրենք, շատ լավ, տեքստն էլ կատարյալ չի լինելու, եկեք բոլորս էլ հասկանանք, բայց կարող է համապատասխանել բալանսավորված ՀՀ շահերին»։
Նրա խոսքով՝ եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, կարող է խաղաղության պայմանագիր անունով թուղթ ստորագրեն, ու մի շաբաթ հետո ստանան նոր պատերազմ կամ նոր էսկալացիա․ «Ես շատ կուզեի, որ մենք այսօր ունենայինք թուղթ, ու էսօրվա ասուլիսը լիներ խաղաղության պայմանագրի, դրա դրույթների, մեխանիզմների մասին։ Վատ է, որ չկա․ էստեղ էլ մենք մեր դիտանկյունը պետք է փոխենք»։
Այս համատեքստում նա հիշեցրեց 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը, ըստ նրա, շատերը պատրաստ էին հրդեհել, բայց, իր խոսքով՝ այսօր այդ թղթին է հղում արվում Լաչինի միջանցքի գործելու, գերիների վերադարձի առումով․ «Երբ ասում ենք Ադրբեջանի պայմանագրաունակություն, դա նկատի ունենք, որ միշտ չէ, որ ստորագրված թուղթն իրագործվում է, և դա պրոբլեմի երկրորդ կողմն է»։
comment.count (0)