tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է РИА Новости-ն:
«Նախկինի պես չի լինի. եթե անգամ Ուկրաինայում զենքերը լռեն, չպետք է ակնկալել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կկարգավորվեն»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն վերականգնվի նախկին մակարդակին։
Ռուսական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը վճռորոշ փուլում է։
«Մենք պատերազմի վճռորոշ փուլում ենք»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ «կատաղի մարտեր» են ընթանում։
Միաժամանակ Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Կիևի ռազմական աջակցությունը «խաղաղության ամենաարագ ճանապարհն է»։
Ստոլտենբերգը կարծում է, որ արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումները Ուկրաինա: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները գիտեն, որ Ուկրաինային անհրաժեշտ են այնպիսի մարտական տանկեր, ինչպիսին գերմանական Leopard 2-ն է։
«Եվ դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք Ռամշտեյնում (ամերիկյան ավիաբազա Գերմանիայում): Ուկրաինան ներկայացված կլինի այնտեղ: Ծանր զինտեխնիկա տրամադրելու վերջին խոստումները շատ կարևոր են, և ես առաջիկայում ավելին եմ սպասում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
«Մենք կատաղի մարտեր ենք ապրում: Ուստի կարևոր է, որ Ուկրաինային տրամադրենք հաղթանակի և անկախ պետության գոյության շարունակման համար անհրաժեշտ զենքերը: Դա կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։
comment.count (0)